Գլխավոր Նորություններ Իրականում ուղղաթիռով տեղափոխվածներից երկուսն են մահացել. մամուլի խոսնակը երկրորդ մահացածից տեղյակ չէ

Իրականում ուղղաթիռով տեղափոխվածներից երկուսն են մահացել. մամուլի խոսնակը երկրորդ մահացածից տեղյակ չէ

191

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել էր մամուլում տեղ գտած «Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար. Երևան տեղափոխված քաղաքացին մահացել է» վերնագրով նյութին՝ նշելով, որ պացիենտ Սամվել Արտեմի Ստեփանյանը ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» Վանաձորի «Տարեցների տնից» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III աստիճանի /մարմնի ծածկույթի 35% մակերեսով/: Այրվածքային շոկ II աստիճանի»: Նա գրել էր, որ ընդունման պահին վերջինս զննվել է պատասխանատու վնասվածքաբանի կողմից, շտապ կատարվել է ինտենսիվ բուժում՝ ինֆուզիոն, ցավազրկող, հակափայտացման: Կատարվել է նաև վերքերի մշակում և տեղային ցավազրկում: «Պացիենտի վիճակը մնացել է ծանր, բուժման շարունակման հետ մեկտեղ, որոշվել է տեղափոխել Երևան և տրվել է արտագնա «արագ արձագանքման» ծառայության կանչ ուղղաթիռի միջոցով: Տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և հետազոտությունների իրականացման փուլում արձանագրվել է սրտի կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք ապարդյուն են եղել: Արձանագրվել է կենսաբանական մահ»,-գրել է Նիկողոսյանը: Նա գրել էր, որ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված ուղղաթիռը ըստ «Airbus Helicopters» ընկերության կողմից (որպես արտադրող) հաստատված թռիչքային ձեռնարկի` նախատեսված է բժշկական նպատակներով շահագործման համար, իսկ պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնություն և սպասարկում ու երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայության վերակենդանացման բրիգադների միջոցով: «Այստեղից հետևություն` սույն կայքը տարածել է ապատեղեկատվություն նախ այն մասով, թե հիվանդը մահացել է ուղղաթիռի մեջ, երկրորդ` տեղափոխվել է ոչ թե «Աստղիկ» բժշկական կենտրոն, այլ «Էրեբունի» և երրորդ` հագեցված է եղել համապատասխան սարքավորումներով»,-գրել էր մամուլի խոսնակը: Armdaily.am-ի տեղեկություններով, նշված ուղղաթիռով տեղափոխված հիվանդներից ոչ թե միայն մեկն է մահացել, այլև երկու մահ է գրանցվել, որոնցից մեկը գրանցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մյուսը ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Սակայն մամուլի խոսնակը արդրադարձել էր միայն մեկ դեպքին։ Armdaily.am-ի հարցին, թե ինչու երկրոդ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն չկար հաղորդման մեջ, Նիկողոսյանը պատասխանեց, որ հերքումը վերաբերում էր միայն այն դեպքին, որ նշված էր հրապարակման մեջ։ Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին՝ նա նշեց, որ տեղեկություն չունի։ Նիկողոսյանը խոստացավ, որ երկրորդ դեպի վերաբերյալ մանրամասները նույնպես կճշտի և կտեղեկացնի։