Գլխավոր Նորություններ Իվետա Տոնոյանն արձագանքել է ԲՀԿ-ի պատգամավորների մանդատը վայր դնելու մասին լուրերին

Իվետա Տոնոյանն արձագանքել է ԲՀԿ-ի պատգամավորների մանդատը վայր դնելու մասին լուրերին

317

Տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում են «Բարգավաճ Հայաստան»-ի և Գագիկ Ծառուկյանի վարկանիշի բարձրացման գործընթացում, մենք մտահոգվելու որևէ պատճառ չունենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը`անդրադառնալով վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ որոշ ուժերի գերկենտրոնացմանը:

Հիշեցնենք, որ օրերս «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով՝ հաշվի առնելով պատգամավորների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը:

Գլխավոր դատախազն արդեն հայտարարել է, որ դիմումն ուղարկել է ՀՔԾ:

«Փաստինֆո»-ի հարցին, որ  պահանջ առաջանալու դեպքում  Ծառուկյանը կպարզաբանի՞ բիզնեսով զբաղվում է թե ոչ, կամ կմեկնաբանի ՞իր հայտարարությունները` ԲՀԿ ղեկավարի խոսնակը պատասխանեց․«Ես երբեք իմ գործունեության ընթացքում գուշակություններ չեմ արել և չեմ կարող ասել, բայց պարոն Ծառուկյանը մշտապես շեշտել է, որ օրենքի առջև բոլորն են հավասար և այս գործընթացը, որը նախաձեռնվել է և ալիք է բարձրացվել, մենք գնահատում ենք հիմնազուրկ»։ Նշենք, որ Իվետա Տոնոյանի հետ զրույցի ժամանակ դեռ չէր հրապարակվել  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` Գագիկ Ծառուկյանին ուղղված գրությունը, որով պահանջում է  նրանից` պարզաբանումներ ներկայացնել:
Տոնոյանն ասել է,  որ եթե իշխանության կողմից գնահատական տրվի տվյալ իրավիճակին, բնականաբար դրան կհաջորդի ԲՀԿ-ի գնահատականը տրված գնահատականին։

«Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց ճշտել` Ծառուկյանի մանդատից զրկվելու դեպքում հնարավո՞ր է ԲՀԿ պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն։

«Ես եթե-ներով հարցերին չեմ պատասխանում։ Եկեք Կիկոսի մահը չսարքենք ։Իսկ եթե այնպես ստացվեց, որ ուրիշ բան ստացվե՞ց»,-ասաց ԲՀԿ պատգամավորը։ «Փաստինֆո»-ն նշեց, որ պատգամավորների մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին լուրեր են մամուլում տարածվել` Տոնոյանն էլ ասաց, թե մամուլը ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ է դնում տարբեր տեղեկատվություններ, որոնցով կարողանում է ԲՀԿ-ին դարձնել ամենաքննարկվող քաղաքական ուժը տվյալ լրահոսում։

«Սա Կիկոսի մահը չէ, ես կրկնում եմ, որ «եթե այսպես,ապա այնպես» սկզբունքով հարցերին չեմ պատասխանում, ինչ վերաբերում է ԲՀԿ-ի մանդատները վայրդնելուն, կասեմ, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քաղաքական կուռ և ամուր, միասնական ընտանիք է։ Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է»,-ասաց Իվետա Տոնոյանը։