Գլխավոր Նորություններ Գլիկեմիկ բարձր ինդեքսով ածխաջրերը բարձրացնում են կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը

Գլիկեմիկ բարձր ինդեքսով ածխաջրերը բարձրացնում են կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը

104

Ազգային օնկոլոգիական ինստիտուտի իտալացի գիտնականների ստացած տվյալների համաձայն՝ պարզ ածխաջրերով հագեցած սննդակարգը կապված է կանանց մոտ սրտի հիվանդությունների առաջացման հավանականության բարձրացման հետ, մինչդեռ տղամարդկանց դեպքում նման կապ չի հայտնաբերվել:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 15 հազար տղամարդու և 32 հազար կնոջ սննդակարգի առանձնահատկությունները՝ հաշվի առնելով նաև առողջական ցուցանիշները: 8 տարի տևած հետազոտության արդյունքում պարզվել է, որ բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերք օգտագործող կանանց մոտ սրտանոթային հիվանդությունները երկու անգամ ավելի հաճախ էին հայտնաբերվում, քան այն կանանց մոտ, որոնք խուսափում էին նման մթերքից:

«Գլիկեմիկ բարձր ինդեքսով ածխաջրերը նպաստում են կանանց արյան մեջ ճարպաթթուների մակարդակի բարձրացմանն ու «լավ» խոլեստերինի մակարդակի նվազմանը: Այս հանգամանքը կարևոր ռիսկային գործոն է դառնում սրտի հիվանդությունների զարգացման համար», – նշում են գիտնականները:

Ածխաջրերի գործածության նման ազդեցությունը կապված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետ, ինչը նկատվում է միայն կանանց մոտ: Գիտնականների խոսքով՝ ածխաջրերով հարուստ սննդի յուրացման վրա ազդում են հորմոնները. կանանց օրգանիզմում էստրոգենն արագացնում է գլյուկոզայի առաջացման գործընթացը, մինչդեռ տղամարդկանց օրգանիզմում անդրոգենը հակառակ ազդեցությունն է ունենում՝ արգելակելով այդ գործընթացը:

Բարձր գլիկեմիկ ինդեքսով ածխաջրերի հարուստ աղբյուր են համարվում առաջին հերթին թխվածքաբլիթները, սպիտակ ալյուրից պատրաստված հացաբուլկեղենն ու քաղցրավենիքը: Գիտնականների խոսքով՝ հենց այս մթերքի գործածությունն է նման բացասական ազդեցություն ունենում սրտամկանի վրա:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru