Գլխավոր Նորություններ Երկու բարեկամ ժողովուրդներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ կամք. Արարատ Միրզոյանն ընդունել է...

Երկու բարեկամ ժողովուրդներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ կամք. Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

86

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի բացման կապակցությամբ` նշելով, որ այն նպաստավոր հարթակ է երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության խթանման, միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման և համագործակցության հետագա ընդլայնման համար:

Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մեծ ներուժը, որ առկա է հայ-էմիրաթական հարաբերությունների տարբեր բնագավառներում` տնտեսական, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի, գիտության ու կրթության ուղղություններով, քաղաքական հարթությունում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարևոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան և իր հերթին կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների շուկաներ:

«Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջև ձեւավորված ջերմ հարաբերությունները և պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»,- նշել է Ազգային ժողովի նախագահը:

Քաղաքական երկխոսության համատեքստում նա ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը` առանձնահատուկ նշելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՄԷ-ի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան` քննարկելու երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ահմադ Ալի ալ-Սայեղը նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին, և այդ հարթակը վկայությունն է այն մեծ հետաքրքրվածության, որ ունի իր երկիրը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Ընդգծելով ձևավորված երկկողմ բարեկամական կապերը` նա ԱՄԷ ղեկավարության անունից հավաստիացրել է, որ պատրաստակամ են զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով` քաղաքական, տնտեսական, հումանիտար:

Պետնախարարը կարևորել է նաև միջազգային ամենատարբեր հարթակներում համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

«Ոչ միայն կառավարությունների, այլ նաև երկու բարեկամ ժողովուրդների մոտ առկա է հարաբերությունների հետագա զարգացման մեծ կամք, ինչն արդյունավետ փոխգործակցության գրավականն է»,- նշել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը` կարևորելով միջխորհրդարանական կապերի ու փոխադարձ այցելությունների աշխուժացումը: