Գլխավոր Նորություններ Զորամասից հափշտակել է ինքնաձիգ, ավելի քան 100 հատ փամփուշտ ու դրանք վաճառել...

Զորամասից հափշտակել է ինքնաձիգ, ավելի քան 100 հատ փամփուշտ ու դրանք վաճառել 150.000 դրամով

264

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը համաներում է կիրառել զորամասից փամփուշտներ հափշտակած եւ վաճառած ժամկետային զինծառայողի նկատմամբ։

Քրեական գործի տվյալների համաձայն՝ ժամկետային զինծառայող Բաղդասարյանը 2018 թվականի հուլիսի 5-ին զորամասից հափշտակել է ակոսափող հրազեն հանդիսացող ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ ու ռազմամթերք հանդիսացող՝ թվով 118 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք նախ պահել է վաշտի պահեստանոցում, ապա՝ հաջորդ օրը վաճառել դրանք 150.000 ՀՀ դրամով: Գնորդի դերում հանդես է եկել Եղվարդ քաղաքի բնակիչ Զ.Աբրահամյանը, ում տանից էլ իրավապահները հայտնաբերել են փամփուշտները՝ 2018 թվականի հուլիսի 31-ին , իսկ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը հայտնաբերվել է 2018 թվականի հուլիսի 28-ին՝ Հ.Բաղդասարյանի կողմից վարված «Ֆոլկսվագեն» մակնիշի 35 TM 885 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում:

Զինվորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ եւ 238-րդ հոդվածների առաջին մասերով։ Նա նախ կալանավորվել է, ապա գրավի կիրառմամբ ազատ արձակվել։ Զինծառայողն ընդունել էր առաջադրված մեղադրանքը եւ դատարանում խնդրել արագացված դատական քննության կարգ կիրառել, ինչի դեմ մեղադրող կողմը չի առարկել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ ժամկետային զինծառայողին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման՝ 3 տարի 3 ամիս ժամկետով, սակայն կիրառել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ նրան պատժից ազատել: