Գլխավոր Շոուբիզնես Աշոտ Ղազարյանի 70–ամյակի` մինչև լույս տևած քեֆը, թոռների անակնկալն ու հայտնի հյուրերը

Աշոտ Ղազարյանի 70–ամյակի` մինչև լույս տևած քեֆը, թոռների անակնկալն ու հայտնի հյուրերը

1261

«Մեր բակը»` տարիներ անց Կրեմլի բեմում. հայտնի տաղավարի սեղանի շուրջ Աշոտ Ղազարյանն է, որը հյուրընկալում է վաղեմի ընկերներին` Հրանտ Թոխատյանին, Լալա Մնացականյանին և այլոց, նրանց հետ քննարկումներ ունենում, ինչպես տարիներ առաջ` ապահովելով հանդիսատեսի ժպիտն ու ուրախ ժամանցը։ ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը որոշել է 70–ամյակը տոնել բեմում` սիրելի հանդիսատեսի հետ. առաջին կանգառը Մոսկվան էր, բայց ծագրով հանդես կգա նաև Հայաստանում և ԱՄՆ–ում։

Մայիսի 15–ին նա կդառնա 70 տարեկան, մոսկովյան երեկոն տարեդարձին ընդառաջ  էր։ Tert.am Life–ը իր ընթերցողներին է ներկայացնում հոբելյանական համերգի առաջին լուսանկարներն ու մանրամասները։

Երեկոն անցել է հայտնի «Մեր  բակի» ձևաչափով։ Աշոտին շնորհավորելու էին եկել հայտնի ընկերները` Արթուր Գրիգորյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Արամեն, Ռազմիկ Ամյան, Սոնան, Լևոն Հարությունյանը, Արամ MP3–ն, Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը,  Լալա Մնացականյանը, Թամարա Պետրոսյանը, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Մրրոն, Արսեն Սաֆարյանը, Արա Մարտիրոսյանը, Գրիշա Աղախանյանը, Արամեն, Ֆորշը, Սևակ Խանաղյանը, Լևոն Մալխասյանը և այլք։

«Փորձել ենք ստանալ «Մեր բակի» ջերմ մթնոլորտը, բակի բնակիչների անմիջական շփումը։ Հնարավորինս մոտ լինելով նախագծին` ավելի նորացված ու հետաքրքիր մոտեցում ենք ցուցաբերել։ Երեկոյի հյուրերը եղել են այն մարդիկ, որոնց Աշոտը կցանկանար տեսնել իր ծննդյան արարողության ժամանակ։ Մարդիկ, որոնք իրեն հարազատ են և ցանկություն են ունեցել իրենց նվերը մատուցել Աշոտին»,– ասաց միջոցառման կազմակերպիչ Euromusic Entertainment ընկերության  PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը։

Դերասանը, որն այս փուլում սկսել է նաև սերիալային գործունեություն ծավալել և նկարահանվում է Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում,  ինքն է ցանկություն հայտնել 70–ամյակը տոնել սիրելի հանդիսատեսի հետ։ Լուսինեն հայտնեց, որ համերգային ծրագիրը կազմակերպելու մտահղացումը եղել է Աշոտ Ղազարյանինը, դերասանն առաջարկը ներկայացրել է ընկերության ղեկավար Տարոն Պողոսյանին, վերջինս էլ սիրով համաձայնել է։

Աշոտ Ղազարյանի համար օրը հագեցած է եղել հուզիչ ու ուրախ պահերով. օրվա անակնկալը դերասանին մատուցել են թոռնիկները` Անահիտ և Բորիս Ադամյանները, բեմում մատուցելով պապիկի տարեդարձի տորթը։

«Առաջին համերգը Կրեմլում էր, քանի որ Տարոն Պողոսյանի ղեկավարած ընկերության գործունեության հիմնական դաշտը Ռուսաստանում է, սակայն նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև Հայաստանում և ԱՄՆ–ում։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանում  համերգը կկայանա ամռանը»,– ասաց Լուսինեն։

Համերգային ծրագրի ավարտից հետո Աշոտ Ղազարյանն իր հյուրերի հետ երեկոն շարունակել է Մոսկվայի ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ նրանք ուրախացել ու հայկական քեֆ են արել մինչև լուսաբաց։