Գլխավոր Արցախ Էդուարդ Լիմոնով․ Արցախին տիրում են ուժեղի իրավունքով, որը պատկանում է ղարաբաղցիներին

Էդուարդ Լիմոնով․ Արցախին տիրում են ուժեղի իրավունքով, որը պատկանում է ղարաբաղցիներին

152

«Խորհուրդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, Վլադիմիր Վլադիմիրովիչ, դու ազդեցություն ունես Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա։ Համոզիր Թուրքիայի նախագահին՝ հայերին տալ Արարատ լեռը։ Ինչ-որ բանի դիմաց։

Իրականում, թուրքերին Արարատը պետք չէ, իրենց ինչն է Արարատը, իսկ ահա հայերին այն շատ-շատ է պետք։ Հայկական պետականության ու ազգի խորհրդանիշն է և գտնվում է Հայաստանի սահմանից 28կմ հեռավորության վրա։

Հայերն այնքան երջանիկ կլինեն նվերից, որ մինչև դարերի վերջը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դիմանկարը կզարդարի յուրաքանչյուր հայի բնակարանը»,- այս մասին Regnum-ում գրել է ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը՝ «Արցախը՝ ուժեղի իրավունքով» վերնագրված հոդվածում։

Լիմոնովը պատմում է դեպի Արցախ տանող նոր ճանապարհի մասին՝ Սևանա լճի երկայնքով ու բարձր լեռների միջով, որն անվտանգ է ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ հասնում ես 5-6 ժամում։ Ստեփանակերտը Լիմոնովն անվանում է քրիստոնեության վերջին ֆորպոստ, որը բոլոր կողմերից շրջապատված է իսլամական պետություններով։

«Եթե Իրանը բարեկամաբար է վերաբերվում Արցախին, ապա առաջին հերթին Ադրբեջանը՝ թշնամաբար։ Իսկ ինչպե՞ս կարող էին այլ կերպ։ Ինչ վերաբերում է նրան, թե ով իրավունք ունի այդ հողերի նկատմամբ, ապա հենց ղարաբաղցիներն ունեն։ Ղարաբաղի հայերը, 160 հազարից էլ պակաս, ավելի ուժեղ գտնվեցին 7 միլիոնանոց Ադրբեջանից։ Ղարաբաղցիները պատրաստ էին զոհաբերել զգալի թվով կյանքեր ու զոհաբերեցին, ուստի նրանք էլ իրավունք ունեն ապրել այս հողում։ Ձեր սեփական ուժի համար ներողություն խնդրելու կարիք չկա։ Արցախին տիրում են ուժեղի իրավունքով»,-գրել է Լիմոնովն ու հավելել, որ համոզված է, որ իդեալականացնում է ղարաբաղցիներին, «բայց ես այդպես եմ ուզում ու ինձ այդպես է դուր գալիս»։

Ռուսաստանն էլ, Լիմոնովի կարծիքով, իզուր է փորձում բոլորի հետ ընկեր լինել, այլ պետք է ընտրել՝ ում հետ ընկերանալ, իսկ Կովկասում «մենք ոչ մեկին չունենք, բացի հայերից»։

Նշում է, որ Ստեփանակերտն անվանվել է Ստեփան Շահումյանի անունով, քաղաքը համեմատաբար նոր է, մաքուր, գեղեցիկ ու ամեն ինչ էժան է։

Լիմոնովը Արցախ է մեկնել զինվորական թղթակիցների հետ՝ նպատակ ունենալով հասնել շփման գիծ, «որտեղ Արցախի ու Ադրբեջանի զինվորները նստած են միմյանց քթի տակ ու սպասում են պատերազմի»։ Սկզբում սահման մեկնել նրանց թույլ չի տրվել, սակայն Ստեփանակերտի նոր եկեղեցու բացմանը Լլիմոնովին ճանաչել է Արցախի նախագահն ու խոսել նրա հետ, ում միջնորդությամբ էլ թույլ է տրվել այցելել շփման գիծ։

«Հասկանում էինք այն, ինչ թույլատրվում էր, մնացածը՝ ռազմական գաղտնիք էր»,-գրել է Լիմոնովը ու նշել, որ Արցախ այցի ընթացքում բավական գիտելիքներ է ստացել դրոնների մասին։

Հեղինակը պատմում է Արցախի կլիմայի, բնության, կենդանական աշխարհի մասին։

«Պետք չէ մտածել, որ Արցախը փոքր հանրապետություն է։ Այն մեծ լեռնային հանրապետություն է։ Իմ հոգին միշտ պատկանում է լեռնային հանրապետություններին»,-գրել է Էդուարդ Լիմոնովը։