Գլխավոր Նորություններ Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց...

Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց Ադրբեջանում. սա ցույց է տալիս, թե այս իշխանությունն ինչ աստիճանի է անպատրաստ ճգնաժամին. քաղաքագետ

537

Հայաստանում կորոնավիրուսի տոկոսային առումով բավականին մեծ ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս իշխանութուններն ուշացան դրա դեմ պայքարի հարցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նշելով, որ դեռ փետրվարի վերջին, երբ, օրինակ, ՌԴ-ն ու Վրաստանն անցան կոշտ միջոցների, որպեսզի Իտալիայից եկածերին կարանտինի մեջ պահեն, իսկ ՀՀ իշխանությունները չէին ուզում հավատալ, որ այս ամենը լուրջ է:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն ում շունն է, որ կարող է մեզ վախեցնել, իսկ առղոջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հարավային Կորեայից վերադառնալով, կատակ էր անում լրագրողների հետ, թե բոլորին կվարակի: Պատճառը պարզ է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր»,-ասաց Բոզոյանը՝ նշելով, թե իշխանությունն իր քաղաքկան շահը գերադասեց հանրային առողջությունից:

«Եթե նրանք ձեռք առնեին լուրջ քայլեր, ապա հասարակությունը կարող էր մտահոգվել, և հանրաքվեն կտապալվեր: Նման բան չլինելու և Փաշինյանի համար բացաձակ իշխանություն ապահովելու համար նրանք շարունակեցին քարոզարշավը, ինչի արդունքում այդ վիրուսը Հայաստանում տարածվեց շատ ավելի սրընթաց, քան Վրաստանում, ՌԴ-ում, և, նույնիսկ, Ադրբեջանում: Երեք միլիոնանոց Հայաստանում այսօր մոտավորապես 4-5 անգամ ավելի շատ են վարակակիրները, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց Ադրբեջանում: Սա խայտառակություն է և ցույց է տալիս՝ այս իշխանություններն ինչ աստիճանի անպատրաստ են ճգնաժամային պայմաններում երկիրը կառավարելու համար»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ հեշտ կյանքով ապրելու դեպքում է, երբ պոպուլիզմով կարելի է հասարակությանը կերակրել և որևէ պարտականություն չկատարել: «Իսկ երբ իշխանությունը հայտնվում է ծանր վիճակում, դառնում է անպաշտպան, քաղաքացիների համար տեսանելի է դառնում՝ ինչ որակի իշխանություն ունեն: Վրաստանի իշխանությունն, օրինակ, չի տառապում պոպուլիզմով և ավելի էֆեկտիվ է աշխատում»,-հավելեց նա:

Իշխանության կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ Բոզոյանը նշեց. «Եթե Արսեն Թորոսյանը սկզբում հայտարարում էր, որ այս վարակն իրենից որևէ լուրջ բան չի ներկայացնում, իսկ այսօր արդեն հայտարարում է, թե բավականին լրջագույն վտանգ կա, նշանակում է՝ նա արժեզրկված գործիչ է, իր խոսքերն արժեզրկված են. ցանկացած նորմալ երկրում այդպիսի գործիչը պետք է կամավոր հրաժարական ներկայացնի իր պաշտոնից, և գա մեկը, ով կհայտնի հասարակությանը առկա վտանգի մասին»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաև, թե դժվար է ասել՝ ժողովուրդն այսուհետ ինչպես պետք է վստահի այն իշխանությանը, որը վերջին 1-1.5 ամսվա ընթացքում մի քանի անգամ փոխել է իր տեսակետները՝ սեփական շահերից ելնելով:

Նա ողջունեց մի շարք ասիական երկրների կատարած գործողությունները՝ նշելով, թե Հայաստանն այսօր պետք է պահպանի կարանտինը՝ միաժամանակ գտնելով իրավիճակի լուծման այլընտրանքը: «Կարելի է, օրինակ, թեստավորել այն քաղաքացիներին, որոնք պոտենցիալ վարակակիրներն են, օրինակ՝ վաճառողների, բանկերի, դեղատների աշխատակիցների: Եթե իշխանությունը 100-150 վարակակրի պարագայում չկարողացավ զսպել վարակի տարածումը, չեմ հավատում, որ կարողանա զսպել շուրջ 700 վարակակրի պարագայում: Իրենք լուծում են օրվա խնդիրները, ոչ թե նպատակային ռազմավարություն մշակում: Այդ է պատճառը, որ լուրջ մտավախություն ունեմ, որ մեզ մոտ կարող է իրավիճակն Իտալիայի նման զարգանալ, և մեկ ամիս անց մենք հայտնվենք բավականին ծանր վիճակում»,-ամփոփեց Երվանդ Բոզոյանը: