Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Երևանում. 29–ամյա վարորդը Ford Mustang-ով բախվել է կայանված Ford Transit...

Խոշոր ավտովթար Երևանում. 29–ամյա վարորդը Ford Mustang-ով բախվել է կայանված Ford Transit -ին. Ford Transit-ն էլ բախվել է խանութի ապակիներին՝ կոտրելով այն

629

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07: 30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Յախշյանը իր վարած Ford Mustang մակնիշի 35 VR 489 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Vitesse» խանութ-սրահի մոտ կայանված Ford Transit մակնիշի 362 ՕR 61 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Mustang-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել «Vitesse» խանութ-սրահի աշխատակիցները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Ford Transit-ն էլ առաջ է ընթացել ու բախվել խանութի հսկայական ապակիներին ՝ կոտրելով այն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ ՇամշյանիՖոտոռեպորտաժ