Գլխավոր Նորություններ Բուրաստան գյուղը կարանտինի մեջ է. համայնքապետի ընտանիքն ու որոշ համագյուղացիներ վարակվել են...

Բուրաստան գյուղը կարանտինի մեջ է. համայնքապետի ընտանիքն ու որոշ համագյուղացիներ վարակվել են կորոնավիրուսով

114

Արարատի մարզի Բուրաստան գյուղը երեկվա դրությամբ շրջափակված է: Գյուղի մուտքն ու ելքը խիստ հսկողության տակ է, արգելված է տեղաշարժը: Կորոնավիրուսով վարակվածների թվում է նաև համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանը՝ ընտանիքի հետ:

ArmDaily.am-ի հետ զրույցում Թարվերդյանն ասաց, որ իրեն լավ է զգում, այժմ գտնվում է Արտաշատի ԲԿ-ում, իսկ կինը գտնվում է «Նորք» ինֆեկցիոնում. «Կնոջս մոտ մի փոքր խնդիրներ կան, քանի որ ինքը շաքարային դիաբետ ունի, բայց վիճակը կայուն է, վարակված է նաև դուստրս»:

Համայնքապետը պատմեց, որ ընտանիքով վարակվել են իրենց բարեկամուհուց. «Մեր բարեկամուհին վարակված է եղել չի իմացել, եկել էր մեզ մոտ։ Բարեկամուհին շփվել է վարակակրի հետ։ Այդ հայտնի արտադրամասի աշխատակիցներից մեկն իր ընկերուհին է, նրա հետ է շփվել ու մեզ էլ փոխանցել։ Հաստատվել է նաեւ հորեղբորս տիկնոջ մոտ, ինքն էլ իր աղջկանից է վարակվել»։

Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի, սակայն չհերքեց, որ համայնքից այլ վարակվածներ ևս կան:

Մեր տեղեկություններով գյուղում վերջերս թաղում է եղել, որին մի շարք համագյուղացիրներ են մասնակցել:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը առանձին դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չի տրամադրում: