Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարը, ով կասկածվում է...

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարը, ով կասկածվում է խմած լինելու մեջ, «դեբոշ» էր սարքել Վաղարշապատի ոստիկանության դիմաց.

551

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայության ընթացքում կանգնեցրել են մի քաղաքացու ավտոմեքենան ու վարորդը կասկած է առաջացրել ճանապարհային ոստիկանների մոտ, ովքեր նրան ենթարկել են սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որից հետո այդ մասին իմանալով, ուժային կառույցի մի ներկայացուցիչ ժամանել է ոստիկանության Վաղարշապատի բաժին ու ոչ միայն անարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, այլ նաև ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ ու բաժնի բակում հայտարարել, որ «ում ավտոմեքենան որ տեղափոխվել է «պլաշչադկա», պետք է անհապաղ բաց թողնեն ու վարորդի վրա գրված խմածության ակտը չեղարկվի», քանի որ նա իր ընկերն է ու միասին են մի քանի բաժակ խմել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, այդ քաղաքացուն են մոտեցել Վաղարշապատի ոստիկանության բաժնի ծառայողները՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ, սակայն ոստիկանների օրինական պահանջին, որ պետք չէ հասարակական կարգը խախտել ու որպես սպա ներկայացած, սիրուն չէ, որ նման պահվածք է ցուցաբերում, նա չի ենթարկվել, որից հետո ժամանած ճանապարհային ոստիկանները նկատել են, որ նա նույնպես ավտոմեքենայով է, նրանից պահանջել են վարորդական իրավունքի վկայական ու խնդրել են, որպեսզի նա նույնպես ենթարկվի սթափության փորձաքննության:

Այդ ամենը դուր չի եկել անկոչ հյուրին, որը ասել է. «Ես գնդապետ տղա, ըտենց նման ե՞մ փչողի» ու հրաժարվել կատարել ճանապարհային ոստիկանի օրինական պահանջը, ինչից հետո ոստիկանություն է հրավիրվել Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, որպեսզի գոնե բժիշկների մոտ գնդապետ ներկայացած անձը սթափության փորձաքննություն անցնի: Այս դեպքում նա նույնպես հրաժարվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այս ամենին ականատես են եղել ԱԱԾ Վաղարշապատի ԱԱԾ բաժնի ծառայողները: Իսկ գնդապետ ներկայացած անձը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում՝ որպես հրամանատար: 

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, արդյո՞ք միջադեպի մասին տեղյակ են ՀՀ Պաշտպանության նախարարությունում և նշված նախարարության ենթակայությամբ գործող ռազմական ոստիկանությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: