Գլխավոր Նորություններ Սերժ Սարգսյանը գաղտնի հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

Սերժ Սարգսյանը գաղտնի հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

395

Hraparak.am-ը գրում է.

Այսօր մենք տեղեկություն ստացանք, որ անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանին հրավիրել են  ԱԱԾ՝ ինչ-որ գործով հարցաքննության, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, Հանրապետական կուսակցությունը կամ Սերժ Սարգսյանի գրասենյակը ոչինչ չեն հաղորդել, ինչն ինքնին կասկածի տեղիք տվեց։
Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են ԱԱԾ՝ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Այս տեղեկությունը հաստատեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ ասելով․
«Այո, անցյալ շաբաթ պարոն նախագահը կանչվել է ԱԱԾ, վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործի շրջանակներում»։ Մակինյանը, սակայն, ձեռնպահ մնաց ասել, թե որ քրգործի շրջանակներում է հարցաքննվել իր պաշտպանյալը։ Հարցրինք նաև՝ որքա՞ն է մնացել նա ԱԱԾ-ում, Մակինյանն ասաց՝ երկար չի տևել հարցաքննությունը։

Իսկ թե ինչու են հրավիրել Սերժ Սարգսյանին ԱԱԾ, առերեւույթ՝ իր հետ որեւէ կապ չունեցող քրեական գործով եւ ինչու հաղորդագրություն չեն տարածել, դա ավելի խոր վերլուծության թեմա է։ Մեզ հաջողվեց ճշտել, որ հարցաքննությունը իրականում հարգելի պատրվակ է եղել, որ Սերժ Սարգսյանն օրինական հիմունքներով մուտք գործի ԱԱԾ շենք։ Հարցաքննությունն իսկապես շատ կարճ է տեւել։ Իսկ այցելության իրական նպատակը եղել է այն, որ այդ կարճատեւ հարցաքննությունից հետո նրան իջեցրել են ԱԱԾ մեկուսարան՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա առանձնազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

ՔԿՀ մեր աղբյուրն ասում է, որ հանդիպումը բավականին երկար է տեւել՝ մոտ 4 ժամ։ Թե ինչ են խոսել երկու նախագահները, բնականաբար միայն իրենք գիտեն։ Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչ նպատակով կարող է կազմակերպված լինել այդ հանդիպումը եւ ինչ հետեւանքներ կարող է այն ունենալ։

Մի բան պարզ է, որ հանդիպման կազմակերպիչն ու հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ամենայն հավանականությամբ, հենց նրա խնդրանքով կամ առաջարկով է Սերժ Սարգսյանն այցելել ԱԱԾ։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունների անունից ինչ-որ առաջարկ անելու նպատակով։ Գուցե՝ քննարկվել է «ազատություն- ինչ որ բանի դիմաց» տարբերակը։ Դա կարող է լինել, ասենք՝ ազատություն, սակայն հետագայում քաղաքականությունից դուրս գալը, կամ՝ իր թիմի կողմից իշխանություններին ուղղված քննադատությունը նվազեցնելը, սեփական լրատվամիջոցների մեղմ վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ, ֆեյսբուքում հակաիշխանական քարոզչությունը պակասեցնելը եւ այլն, եւ այլն։ Ուշագրավ է, որ բանագնացը հենց Սերժ Սարգսյանն է, այլ ոչ թե մեկ ուրիշը։