Գլխավոր Նորություններ Պատմության մեջ նրանք մնալու են որպես եկեղեցու վրա հարձակված քաղաքական ուժ. Նարեկ...

Պատմության մեջ նրանք մնալու են որպես եկեղեցու վրա հարձակված քաղաքական ուժ. Նարեկ Սամսոնյան (VIDEO)

58

Այստեղ անհատականացնելը շատ սխալ է: Ալեն Սիմոնյանը ընդամենը հանդես է եկել իշխող ուժի խոսնակ: Այս մասին երեկ՝ ապրիլի 16-ին, «Livenews»-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչի առնչությամբ իշխանության ներկայացուցիչների արձագանքներին։

Անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Սամսոնյանն ասաց. «Շատ կարևոր մի գործընթաց է սկսվում, որտեղ մենք ունենք ամբողջատիրական նկրտումներ: Եվ եկեղեցին այստեղ հերթական թիրախն է»:

«Եկեղեցին պետական ինստիտուտների մեջ այնուամենայնիվ կարևորագույն դերակատարում ունեցող ինչ-որ մի մարմին է, որը, ըստ էության, երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր կյանքի վրա ունի ավելի մեծ ազդեցություն, քան ցանկացած ավանդական քաղաքական ինստիտուտ»,– նշեց Սամսոնյանը:

Սամսոնյանը նաև նշեց, որ եկեղեցու դեմ իրականացվող գործողությունների նպատակը եկեղեցուն հնազանդեցնելն է և հավելեց՝ այս գործընթացը ամբողջատիրությանը հասնելու ճանապարհային քարտեզի հերթական քայլն է:

Սամսոնյանը կարծիք հայտնեց, որ եկեղեցու ինստիտուտը քաղաքականացնելը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, և նշեց. «Պատմության մեջ նրանք մնալու են որպես եկեղեցու վրա հարձակված քաղաքական ուժ»:

«Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում՝ ինչ է պետական համակարգը, առհասարակ, ինչպես կառավարել պետությունը: Նա համակարգի գործառույթների և գործառույթների կիրառման գործընթացից գլուխ չի հանում»,- ասաց Սամսոնյանը:

Սամսոնյանը հավելեց, որ նույնը տեղի է ունենում դատարանների դեպքում. «Երբ, որ դատարանները կայացնում են վճիռներ, որոնք հաճո են իրենց և շատ դեպքերում դրանք հակաօրինական վճիռներ են, նրանք ողջունում են դատարանի կայացրած վճիռը, բայց երբ վճիռը իրենց դեմ է, հիշենք Արսեն Թորոսյանի օրինակը, նրանք հիշում են, որ այդ վճիռը չեն կատարելու, քանի որ դատարանները կոռումպացված են»։

Նարեկ Սամսոնյանը նաև անդրադարձավ իշխանությունների կողմից իրենց նպատակներին հասնելու համար գործադրվող միջոցներին. «Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ցանկացած նպատակ, որը իր առջև դրել է, այդ նպատակին հասնելու միջոցները եղել են այն միջոցները, որոնք նախկինում իր կողմից խստորեն դատապարտելի են եղել: Այսինքն, խոսքը քրեական հետապնդումների, կոմպրոմատների լեզվով խոսելու և այլնի մասին է»:

Սամսոնյանը կարծիք հայտնեց, որ այս գործընթացի վերաբերյալ եկեղեցին պետք է իր հստակ  դիրքորոշումը արտահայտի:

«Սա ինստիտուտների զավթման հերթական փորձն է, ամբողջին տիրելու, բոլորին հնազանդեցնելու  մղում է»,- հավելեց Սամսոնյանը:

Սամսոնյանը նշեց, որ ժամանակը կտա իր գնահատականը Նիլոլ Փաշինյանի գործողություններին:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար՝ Սամսոնյանը ասաց. «Բնականաբար այստեղ ԼԳԲՏ համայնքին վերաբերող կետը կա, թերևս կասկածից դուրս է, որ դա պետք է լիներ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նաև ԼԳԲՏ իշխանություն է: Հետևաբար նա պետք է ԼԳԲՏ անձանց նկատմամբ հնարավորինս իրավական երաշխավորումներ, իրավական դաշտ  ստեղծի, որպեսզի նրանք շարունակեն պաշտպանել իրենց առաջնորդին: Նիկոլ Փաշինյանը նաև ԼԳԲՏ-ների առաջնորդն է»:

Մանրամասները՝ տեսանյութում.