Գլխավոր Նորություններ Աշակերտները հնարավորություն կստանան վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում

Աշակերտները հնարավորություն կստանան վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում

321

Մայիսի 1-ին ուժի մեջ կմտնի  Ազգային ժողովի ընդունած այն օրենքը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

Օրենքի հեղինակները Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը և Հարություն Բաբայանն են։

Հայրապետյանը ԱԺ-ում նշել էր, որ բազմիցս խոսել են մասնագիտական կրթության ուսուցման ինստիտուտի ամրապնդման անհրաժեշտության մասին, և ներկայացված փաթեթի նպատակը այդ ինստիտուտի ամրացումն է․

«Գործող օրենքի համաձայն միայն անվճար հիմունքներով աշակերտները կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական ինստիտուտներում: Մտահոգություններ ենք ստացել, որ շատ ուսումնարաններում, քոլեջներում երեխաներն ուղղակի հնարավորություն չեն ունեցել շարունակելու ուսումը միայն այն պատճառով, որ պարզապես պետպատվերով անվճար հիմունքներով տեղեր հատկացված չեն եղել, կամ դրանք սահմանափակ են եղել: Մեր առաջարկով ցանկանում ենք հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում»,-ասել էր Հայրապետյանը:

Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Պատգամավորը նշել էր՝ օրինակ Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:

Նախագծի հիմնական ուղերձն այն է, որ պարտադիր չէ, որ բոլորը սովորեն բարձրագույն հաստատություներում, և բոլոր երիտասարդաները, որոնք ցանկություն ունեն արհեստի հմտություններ, միջին մասնագիտական կրթություն ստանալ, պետությունը պետք է ապահովի այդ հնարավորությունը և իրավունքի իրացումը:

«Հիմնական ուղերձն այն է, որ բոլոր արհեստավորները, միջին մասնագիտական կրթություն ստացած պրոֆեսիոնալները ոչ պակաս լավ կարող են ապրել և բարեկեցիկ կյանք ունենալ, քան ոչ այնքան պրոֆեսիոնալ իրավաբանները, միջազգայնագետները, արևելագետները»,-ասել էր նա: