Գլխավոր Նորություններ Սեքսի սխալ կազմակերպում, կամ 9 փաստ իմպոտենցիայի մասին

Սեքսի սխալ կազմակերպում, կամ 9 փաստ իմպոտենցիայի մասին

2497

Վերջերս բողոքի ալիք նկատեցի այն առիթով, որ անդրադառնում եմ կանանց խնդիրներին՝ աչքաթող անելով տղամարդկանց: Ընդ որում, ալիքը բարձրացրին հենց կանայք: Զուգադիպությո՞ւն է: Իհարկե, ոչ: Քանի որ մեծ հարց է՝ ավելի շատ տղամարդկանց, թե կանանց են հետաքրքրում էրեկցիայի հետ կապված խնդիրները: Ներկայացնում եմ ուրոլոգ Սարգիս Աբովյանի հետ զրույցի արդյունքում առանձնացրած 9 փաստ իմպոտենցիայի վերաբերյալ: 

1.Իմպոտենցիա՞, թե՞ էրեկտիլ դիսֆունկցիա: Տարբեր տեղերում կարելի է հանդիպել այս 2 տերմինն էլ: Սրանք միեւնույն պաթոլոգիկ վիճակի տարբեր անվանումներն են: Իմպոտենցիան պարզագույն թարգմանությամբ նշանակում է «սեռական ակտ իրականացնելու անկարողություն»: Էրեկտիլ դիսֆունկցիան ավելի ժամանակակից ու նեղ մասնագիտական տերմին է:

2.Էրեկցիայի տեսակներ: Առողջ տղամարդու դեպքում առկա է ադեկվատ էրեկցիա, որն առաջանում է գրգռումներից ու սեռական ակտի դեպքում, եւ ինքնաբուխ(սպոնտան) էրեկցիա՝ առավելապես առավոտյան կամ օրվա այլ ժամերի, առանց նախապես սեռական գրգիռների: 

3.Պատճառները: Դրանք 2 բնույթի են՝ հոգեբանական ու ֆիզիոլոգիական: Եթե տղամարդու մոտ առկա է սպոնտան էրեկցիա, բայց բացակայում կամ որակապես պինդ չէ կանխատեսելի էրեկցիան, ապա կարելի է խոսել հոգեբանական պատճառների մասին: Ֆիզիոլոգիական պատճառներից են անոթային ու հորմոնալ խնդիրները, թմրամոլությունը, շաքարախտը, աթերոսկլերոզը, էպիլեպսիան եւ այլ հիվանդություններ:

4.Մոլորություններ Հայաստանում: Մեր հասարակությունը տարբեր մոլորությունների զոհ է այս հարցում: Մեզ մոտ ենթադրվում է, որ ավագ տարիքում(սկսած 40-ից) անհնար է ադեկվատ էրեկցիա ունենալ, իսկ սեքսից հաճույք ստանալու ու բազմանալու տարիքն էլ անցած է համարվում: Մյուս կողմից, մշտական մաչոյի բարդույթը ստիպում է քողարկել ցանկացած անկարողություն, պահպանել հզոր եւ առնական հայ արուի կերպարը: Մինչդեռ, իմպոտենցիա ախտորոշումը մահավճիռ չէ: 

5.Թվեր ու տոկոսներ: Դեպքերի մոտ  80%-ը ենթակա է բուժման կամ բարելավման, իսկ վիրահատական միջամտության դեպքում այդ թիվը հասնում է 95%-ի: Գլխավոր բացթողումը Հայաստանում այս առիթով բժշկի չդիմելն է:

6.Սեքսի սխալ կազմակերպում: Երիտասարդ տարիքում տղամարդիկ ավելի հակված են պոտենցիայի հետ խնդիրներին: Առաջին սեքսի սխալ կազմակերպումը, զուգընկերոջ վատ ընտրությունը, սեքսից վատ տպավորություններն ու զգացողությունները կարող են հոգեբանական բարդույթներ ձեւավորել: Հայաստանում ընդունված է առաջին սեքսի հետեւյալ սցենարը. ավագ «եղբայրները» վաղ տարիքի, դեռ քիչ բան գիտակցող դեռահասին մեկ ժամով հանձնում են կասկածելի հմտություններ, տեսք եւ առողջություն ունեցող մարմնավաճառի խնամքին: Սա նախորդ գործոնների հետ մեծացնում է սեռավարակների հավանականությունը, որոնք ազդում են պոտենցիայի վրա նաեւ միջին տարիքում: Արդյունքում, վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում ոչ մի տարիքային խումբ երաշխավորված չէ իմպոտենցիայից:

7.Ըստ սահմանման: Եթե առկա է էրեկցիայի անբավարարություն սեռական ակտերի 25%-ի դեպքում, ապա դա էրեկտիլ դիսֆունկցիայի առաջնային նշան է:

8.Ինչ կարելի է անել տանը: Իմպոտենցիայի հետ կապված ոչ մի տեսակի ախտորոշում կամ բուժում հնարավոր չէ իրականացնել տնային պայմաններում: Ցանկալի են կանխարգելիչ քայլերը՝ ակտիվ, առողջ կենսակերպ վարելը, գիտակցաբար սթրեսներից «պոկվելը», հոգեբանական կայուն վիճակ պահպանելը: Այս ամենն օգնում է, բայց չի բուժում:

9.Ում դիմել: Էրեկտիլ դիսֆունկցիայի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի: Կախված խնդրի տեսակից ու առաջացման պատճառներից՝ անհրաժեշտ մասնագետներն են ուրոլոգը, անդրոլոգը, սեքսոլոգը, էնդոկրինոլոգը, հոգեբանը: Կարող է պետք գալ նրանցից մի քանիսի կամ նույնիսկ բոլորի համատեղ աշխատանքը դրական արդյունքի հասնելու համար:

Աուրա Ֆ.
BRAVO.am