Գլխավոր Uncategorized Վարդենիսցի վարակակիր բժշկուհին պատմում է, թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով

Վարդենիսցի վարակակիր բժշկուհին պատմում է, թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով

947

Գեղարքունիքում մինչեւ Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհու մոտ կորոնավիրուս հաստատվելն էլ եղել են վարակվածներ, որոնք էլ վարակել են բժշկուհուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց վարակված բժշկուհին, որն այս պահին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ստանում է բուժում։

Մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը վարակվել է Էջմիածնում կրոնական հավաքի մասնակցելու ժամանակ, կինը հերքեց այդ լուրը. «Ես ոչ մի տեղ չեմ գնացել, զարմանում եմ՝ ինչպես են կարողանում նման լուրեր տարածել։ Արտակարգ դրության պայմաններում բժիշկներն աշխատում են առանց հանգստի, ժամանակ էլ չեմ ունեցել անգամ Վարդենիսի բարեկամներիս այցելելու։ Եթե նման լուրերը շարունակական լինեն դատական հայց եմ ներկայացնելու այդ լուրեր տարածողների դեմ։ Ես անգամ գրքերս հարեւան գյուղի ամբուլատորիայում էի թողել, այնքան զբաղված էի, որ այդպես էլ չվերցի գրքերս. ինչպե՞ս էի հասնելու Էջմիածին»։

47-ամյա կինը պատմեց, որ ուրբաթ օրն իր ինքնազգացողությունը վատացել է, հայտնել է այդ մասին պոլիկլինիկայի ղեկավարին եւ երեքշաբթի օրը թեստավորվել. «Սկզբում թեստավորվելուց հետո թեստը բացասական էր, գնացի տուն, ու զանգահարեցին, ասացին՝ դրական է։ Հիմա ինձ լավ եմ զգում, երբեմն ջերմությունս է բարձրանում։ Սկզբում ախտորոշվեց, թե բրոնխիտ ունեմ, այնուհետեւ՝ ձախակողմյան թոքաբորբ»։

Այն տեղեկությանը, թե ինքը վարակել է նաեւ իր փեսային, որն աշխատում է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, բժշկուհին ասաց. «Փեսայիս թեստավորել են, նրա մոտ բացասական է պատասխանը»։

Վարակված բժշկուհին շեշտեց, որ Վարդենիսում վարակման աղբյուրն ինքը չի եղել. «Ես բժիշկ եմ, ինձ համար վտանգավոր զոնա է, վստահաբար, հիվանդներից եմ կպել։ Նրանք կարող էին մեզ խաբել, գուցե հյուրեր են ունեցել այլ վայրերից կամ դուրս են եկել քաղաքից։ Պարզապես առաջինը ես թեստը հանձնեցի ու ինձնից դուրս եկավ»։

Նշենք, որ ապրիլի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 10 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը։