Գլխավոր Շոուբիզնես Ապրիլի 21-ին Ծիծեռնակաբերդում թարմ ծաղիկներ չեն եղել. Միհրան-Արփի զույգն ու Հռիփսիմե Հակոբյանը...

Ապրիլի 21-ին Ծիծեռնակաբերդում թարմ ծաղիկներ չեն եղել. Միհրան-Արփի զույգն ու Հռիփսիմե Հակոբյանը կենթարկվե՞ն վարչական տույժի (լուսանկարներ)

6467

Armdaily.am-ը գրում է.

Երեկ՝ օրվա առաջին կեսին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ քննարկվում էր նաև Միհրան Ծառուկյան-Արփի Գաբրիելյան զույգի՝ անմար կրակի մոտ ծաղիկների խոնարհելու տեսանյութը: Քննարկումներն հատկապես կենտրոնացել էին այն հարցի շուրջ, թե ապրիլի 21-25-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քաղաքացիների համար փակ լինելու պարագայում ինչպես է ստացվել, որ նրանք կարողացել են այցելել և ինչ են լրացրել տեղաշարժման թերթիկում: 

Այս հարցերի պատասխանները մենք փորձել էինք ստանալ նախ՝ ոստիկանությունից, ապա՝ պարետատնից: Մեր զանգերն անպատասխան էին մնացել, իսկ մի քանի ժամ անց երկուսն էլ գրեթե միաժամանակ հայտարարություն տարածեցին, որ զույգը հուշահամալիրում եղել է ապրիլի 21-ին՝ մինչ սահմանափակման կիրառումը: Այս պատասխանը ոմանց համար համոզիչ էր, իսկ շատերի համար՝ անտրամաբանական: Պարզաբանման մեջ մասնավորապես չէր տրվում այն հարցի պատասխանը, թե տեղաշարժման թերթիկում այցի վայրն ու նպատակը ի՞նչ են լրացրել Արփին ու Միհրանը, նրանց ուղեկցող երրորդ անձը, ով լուսանկարել էր, քանի որ Ծիծեռնակաբերդ այցելությունը պարետի որոշման բացառությունների մեջ չի մտնում: Այս մասին երեկ հուշահամալիր բարձրանալ փորձող խմբի կազմում գտնվող Սոնա Աղեկյանին հայտնեցին նաև տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները: 

Մյուս կողմից, զույգի հրապարակած տեսանյութում երևում էին թարմ ծաղիկներ: Ոմանք վստահեցնում էին, թե հուշահամալիրում թարմ ծաղիկներ լինում են նաեւ սովորական  օրերին, նաեւ ապրիլի 24-ից օրեր առաջ։ Այսօր, երբ զրուցում էինք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, նրանից հետաքրքրվեցինք նաև, թե երբ են ծաղիկներ խոնարհվել անմար կրակի մոտ: Մարությանի պատասխանը պարետատան ու ոստիկանության պարզաբանումները լրացնելու փոխարեն նոր հարցեր առաջացրեց: Մասնավորապես նա նշեց, որ ծաղիկները դրվել են ապրիլի 23-ին, իսկ մեր ճշտող հարցին՝ ապրիլի 23-ից առաջ ծաղիկ չի՞ եղել՝ մասնավորապես ամսի 21-ին, 22-ին՝ նա պատասխանեց. «Ոչ, եղել է սովորական, միշտ որ լինում է, բայց հենց որ փակվեց մուտքը, այդ ծաղիկները հավաքեցին և այս նոր ծաղիկները դրեցին»:

Ե՞րբ, ի՞նչ պայմաններում ու ո՞ւմ ուղեկցությամբ է զույգը բարձրացել հուշահամալիր և ինչո՞ւ է պաշտոնական պարզաբանումը ու Մարությանի պատասխանը միմյանց հակասում կարող ենք միայն ենթադրել ու հետևություններ անել տեղեկությունները համադրելու արդյունքում: 

Հավելենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ով մեզ հետ զրուցում հայտնել էր, որ Ծիծեռնակաբերդ այցելել է ապրիլի 20-ին: Նրա հրապարակած տեսանյութում ևս թարմ ծաղիկներ կային: Նկատենք նաև, որ ըստ Հարություն Մարությանի՝ մարզպետները հուշահամալիր էին այցելել ապրիլի 23-ին: Նրանց մասնակցությամբ տեսանյութում երևացող ծաղիկները Հռիփսիմե Հակոբյանի հրապարակած տեսանյութի հետ համեմատելուց պարզ է դառնում, որ նույնն են (ուշադրություն դարձրեք հատկապես լուսանկարներում դեղինով նշված ծաղկեփնջերին և կարմիր օղակի մեջ վերցված հատվածում թոռոմած ծաղիկներին): 

Փաստ է, որ տեղաշարժման թերթիկ լրացնելիս երկու դեպքում էլ ակնհայտորեն թույլ է տրվել խախտում, որը ենթակա է վարչական տույժի՝ 100-200 հազար դրամի չափով: