Գլխավոր Նորություններ Սատկած շների դիակները թաղվել են քաղաքային աղբավայրում․ Հաշվեքննիչ պալատի բացահայտումները

Սատկած շների դիակները թաղվել են քաղաքային աղբավայրում․ Հաշվեքննիչ պալատի բացահայտումները

144

Armlur.am-ը գրում է.

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ են իրականացվել։ Արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգել է Գյումրու քաղաքապետարանի՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի գործունեությունը։
Մասնավորապես, ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ քաղաքի մարզադպրոցներում որոշ մարզիչներ չեն համպատասխանել իրենց կրթական տվյալներով։ Օրինակ, ջրային մարզաձեւի մարզիչն ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Պետրոսյանի անվան մարզադպրոցում եւս առանց համապատասխան կրթության անձինք են աշխատում որպես մարզիչ։

Իսկ Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցում թվով 7 մարզիչներ աշխատում են միջնակարգ կրթությամբ։ Հրաձգության մարզադպրոցում էլ միջնակարգ կրթությամբ 3 անձ նույնպես աշխատում է որպես մարզիչ։ Սակայն Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում են, որ նշված մարզադպրոցների մարզիչներն ունեն համապատասխան կրթություն, որակավորում, մարզական կոչումներ եւ մասնագիտական ստաժ, իսկ ովքեր չեն անցել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կազմակերպված վարապատրաստումը, ազատվել են աշխատանքից։ Բայց, մյուս կողմից, աշխատանքի են հրավիրվել մասնագետներ՝ չունենալով մասնագիտական կրթություն։ Պարզվում է, որ սա էլ պատճառ ունի՝ համապատասխան կրթությամբ մարզիչների բացակայությունն է։ Համայնքի վարչական տարածքում գտնվող, տարիներ առաջ (2007-2010) կառուցված շենք-շինությունների սեփականատերեր, ստանալով համայնքապետարանից շինարարության թույլտվություն, չավարտելով շինության կառուցումը, չեն ստացել համայնքապետարանից շինարարության ավարտական ակտեր եւ չեն կատարել գույքի պետական գրանցում, որի արդյունքում առ այսօր իրենց պատկանող շինությունների մասով չեն դարձել համայնքի համար եկամտի աղբյուր։ Իսկ, ահա, համայնքի տարածքում գործող 13 հասարակական նշանակության օբյեկտների՝ առեւտրի սրահների զբաղեցրած 3 մլն կադաստրային արժեքը չգերազանցող բնակելի շենք-շինությունների նշանակությունը փոխված չէ հասարակականի, ինչի արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ եկամուտից՝ գույքահարկից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տրանսպորտային միջոցներ վարձակալելու նպատակով պայմանագրեր են կնքվել, սակայն դրա անհրաժեշտությունը չեն ունեցել. բացակայել են հաշվարկներ տրանսպորտային միջոցների կատարվելիք աշխատանքների վերաբերյալ։ Օրինակ, 2018 թվականի օգոստոսին փաստաթղթերով դիզելային վառելիքի բացակայության պայմաններում ցույց է տրվել 555 լիտր դիզելային վառելիքի ծախս։ ՀՀ հաշվեքննիչ պալատը անհամապատասխանություններ է արձանագրել նաեւ քաղաքի աղբահանության հարցում։ Այսպես, պարզվել է, որ քաղաքային աղբավայրը ցանկապատված ու առանձնացված չէ եւ բավականին մոտ է գտնվում բնակելի տարածքին։ Եւ ամենասարսափելին՝ աղբավայրում թաղվել են նաեւ սատկած կամ վնասազերծված կենդանիների դիակներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված աղբավայրում հիմնականում թաղվել են 2017-2018 թվականներին համայնքի կողմից վնասազերծված թափառող շների դիակները։ Բայց սա դեռ բավարար չէ։ Պարզվում է, որ քաղաքային իշխանությունը մտադիր չէ գումարներ ծախսել աղբավայրի տարածքը ցանկապատելու համար, քանի որ մտադրություն կա առաջիկայում աղբի վերամշակման գործարան կառուցել եւ եղած աղբն էլ տեղափոխել այդտեղ։

Բայց թե երբ կկառուցվի այդ գործարանը, դեռեւս հստակ ժամկետներ չկան։ Իսկ մինչ այդ, նշենք, որ այդ աղբավայրում աղբի ինքնայրման դեպքեր են լինում, սակայն, ըստ քաղաքապետարանի, արտանետումները չափվել են մասնագետների կողմից եւ այն համապատասխանել է թույլատրելի նորմաներին, ինչին, բնականաբար, դժվար է հավատալ։ Իսկ, ահա, սատկած կենդանիներին աղբավայրի տարածքում թաղելու վերաբերյալ քաղաքապետարանից շտապում են տեղեկացնել, որ դրանք թաղվել են ոչ թե աղբավայրի տարածքում, այլ մինչեւ աղբավայր հասնելը՝ մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող 6-7 մետր խորություն ունեցող խրամատում։ Հաշվեքննիչ պալատի՝ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության կրթական բնագավառի ՀՈԱԿ-ներում 2017-2018 թվականների ընթացքում սննդի ձեռքբերման համար իրականացված մրցույթներում եւս արձանագրվել են թերություններ։ Օրինակ, ծիրանի համար նախահաշվային գին սահմանվել է 250 դրամ, բայց հաղթող ընկերությունն առաջարկել է 350 դրամ եւ հաղթել է ներկայացված գնով։

Բացի այս, գնումների պլանով կոնֆետ կարամել ապրանքի միավորի գինը նշված է 100 դրամ, այնինչ հաղթել է 965 դրամ առաջարկած մասնակիցը։ Իսկ, ահա, սերուցքային կարագի նախահաշվային գինը սահմանված է եղել 3200 դրամ գնումների պլանում, սակայն մասնակցի կողմից ներկայացվել է 4500 դրամ արժեքը։ Եւ, չնայած սրան, քաղաքապետարանի կողմից բանակցություններ չեն վարվել, եւ հաղթել է նախահաշվային գնից բարձր գին առաջարկածը։ Ստացվում է, որ քաղաքապետարանի ձեռք բերած որոշ ապրանքների գները բարձր են կազմել գնումների պլանով նախատեսված նախահաշվային գներից։