Գլխավոր Նորություններ Մամեդյարով․Ադրբեջանը իրավունք ունի բոլոր միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը

Մամեդյարով․Ադրբեջանը իրավունք ունի բոլոր միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը

19

«Ադրբեջանը լիակատար իրավունք ունի բոլոր միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝  Minval.az-ին տված հարցազրույցում։

Մամեդյարովն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում քննարկվում է փուլային տարբերակը և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, որ Հայաստանի համար այդ մոտեցումներն ընդունելի չեն։

«Ադրբեջանական կողմը սատարում է հակամարտության կարգավորման համար առարկայական և արդյունքի ուղղված բանակցություններին, և մենք միշտ հայտարարել ենք, որ կօգտագործենք դրանք, քանի դեռ դիտարկվում են խաղաղ կարգավորման հնարավորությունները: Միևնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է, նկատի ունենալով ինչպես մեր պետության գերագույն օրենքը, այնպես էլ միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը լիակատար իրավունք ունի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես արձանագրված է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ, Փարիզի խարտիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերում»,-ասել է Մամեդյարովը:

Մամեդյարովը նշել է, որ ապրիլի 21-ի հանդիպումից առաջ, երբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսակապով հանդիպում անցկացրեցին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է իր դիրքորոշումը հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ, որը երկար տարիներ քննարկման առարկա է և ակնհայտորեն արտացոլվում է համանախագահների հայտարարություններում:

«Ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարը հնչեցրեց, որ հողերի վերադարձի հարցը չի դիտարկվում, ինչպես նաև անդրադարձավ անվտանգության խնդիրներին և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Պարզ է, որ նա արեց այս հռետորական հարձակումը ներքին լսարանին հանգստացնելու համար: Հակառակ դեպքում, նույն Մնացականյանն  այս հայտարարությունից մի քանի ժամ անց չէր միանա տեսակապի միջոցով բանակցությունների շարունակմանը»,-ասել է Մամեդյարովը։

Մամեդյարովն ասել է, թե ադրբեջանական կողմը ցույց է տվել, որ իր գործն ու խոսքը չի տարբերվում և որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է՝ ազատագրել միջազգայնորեն ճանաչված տարածքները և ներքին տեղահանված անձանց իրավունքների վերականգնումը։

Մամեդյարովի խոսքերով, Հայաստանը մինչ այժմ հնչեցրել է  բազմաթիվ հայտարարություններ՝  «նպատակ ունենալով խաբել միջազգային հանրությանը», և «բանակցային գործընթացի շրջանակներում, զգալով փակուղում հայտնվելը, Հայաստանը քայլեր է ձեռնարկում դրանք ընդհատելու ուղղությամբ, իրականացնում է սադրանքներ, ցանկանալով վնաս հասցնել բանակցային գործընթացին՝ միաժամանակ պատասխանատվությունը տեղափոխելով Ադրբեջանի վրա»։

Մամեդյարովը ասել է, որ հայտնի է, որ բանակցությունները գաղտնի են, մանրամասները չեն բացահայտվում, բայց մինչ օրս բանակցությունների ընդհանուր շրջանակն արդեն ուրվագծվել են համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահող երկրների առաջնորդների մակարդակով հայտարարություններում։

«Դրանցում արտացոլվել են հակամարտության փուլային կարգավորման տարրերը, այսինքն, հակամարտության հետևանքների քայլ առ քայլ վերացումը, որտեղ սկզբնական փուլում Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքների ազատումը, այդ տարածքներից վտարված ադրբեջանցիների վերադարձը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հաղորդակցության բացումը: Նախատեսվում է որոշ ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի երկու համայնքների համատեղ բնակության համար պայմանների ստեղծում՝ դիտարկելով հաջորդ փուլերում տարածաշրջանի կարգավիճակը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայկական կողմի համար, որը պնդում է, թե իբր այդ տարրերը չեն քննարկվել, և որ ոչ մի փաստաթուղթ չի դրվում բանակցությունների սեղանին, իրենց հայրենակիցներին խաբելու փոխարեն, ավելի լավ կլինի, առանց ապարդյուն ժամանակ վատնելու, պատրաստել սեփական ժողովրդին խաղաղության, ինչպես համաձայնել է միջազգային հանրության առաջ»,-ասում է Մամեդյարովը:

Մամեդյարովը, ամեն դեպքում, կարծում է, որ հակամարտությունը բանակցություններով լուծելու հնարավորություն կա, անհրաժեշտ է միայն քաղաքական կամք։

Աղբյուրը՝ panorama.am