Գլխավոր Շոուբիզնես «Ֆուլ հաուսն» ավարտվում է. Մենչը բացառում է նախագծի շարունակությունը

«Ֆուլ հաուսն» ավարտվում է. Մենչը բացառում է նախագծի շարունակությունը

450

5 տարի նրանք վիճեցին, իրար համար ծուղակներ պատրաստեցին, զավեշտալի իրավիճակների մեջ ընկան, սիրահարվեցին, հիասթափվեցին ու հեռուստադիտողների աչքի առաջ մեծացան, իսկ հիմա գնում են դեպի հանգուցալուծում. այս օրերին եթերում «Ֆուլ հաուսի» վերջին սերիաներն են։ Հունիսին նախագիծը կավարտվի։

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, Tert.am Life–ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է սիթքոմի ավարտի մասին և շեշտել, այս անգամ դադարից հետո շարունակության մասին հայտարարություն չի լինելու։

«Մոտ 5 տարի է` եթերում ենք և պահպանում ենք բարձր վարկանիշը, բայց մեզ համար ավելի ու ավելի բարդ է դառնում։ Չենք ուզում սպանել նախագիծը, որն ու իմ ու մեր ամբողջ թիմի համար երեխայի պես է։ 9-րդ եթերաշրջանից առաջ արդեն որոշել էինք, որ այն վերջինն է. ուզում էինք նախագիծն ավարտել բարձր վարկանիշով»,– ասաց պրոդյուսերը։

2017-ին 7-րդ եթերաշրջանն էլ վերջինն էր նախագծի համար, սակայն ավարտի մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը հայտնեց, որ փոքր–ինչ հանգստանալուց հետո կրկին եթերում կլինեն։

Այս անգամ իրադարձությունների նման զարգացումը Մենչը բացառում է։ «Մեր դադարը երկար չէր, ընդամենը կես տարի։ Դրանից հետո վերադարձը, միանշանակ, արդարացված էր, քանի որ սպասված էր, սակայն այս անգամ բացառվում է նման զարգացումը։ «Ֆուլ հաուսն» այս եթերաշրջանով կավարտվի և հայկական հեռուստատեսության մեջ կմնա միակ սիթքոմը, որն ունեցել է 9 եթերաշրջան»,– ընդգծեց նա։

Այս փուլում Մենչն ընտանիքի հետ ԱՄՆ–ում է բնակվում։ Նրանից հետաքրքրվեցինք, թե իր բացակայությունը որքանով ազդեց նախագծի վրա։ Ըստ պրոդյուսերի` իր ԱՄՆ–ում գտնվելը որևէ կապ չի ունեցել որոշման կայացման հետ, ավարտի մասին որոշումը վաղուց ունեին։

«Ֆուլ հաուս» ներկայացումները ևս այսքանով ավարտվում են։ Ստեղծագործական թիմը կխաղա միայն այն ներկայացումները, որոնց համար արդեն իսկ կան պայմանավորվածություններ. «Ավարտվում է ամեն ինչ կապված «Ֆուլ հաուս» նախագծի հետ։ Նախապես պայմանավորված 2 համերգ ունենք, մեկը մայիսին` նավի վրա, մյուսը` նոյեմբերին` Մեքսիկայում։ Դրանց ավարտից հետո «Ֆուլ հաուսի» համերգները հին ձևաչափով ևս կդադարեցվեն»։

«Ֆուլ հաուսի» թիմի հետ համագործակցությունը, սակայն, Մենչի, խոսքով, այսքանով չի ավարտվում։ «Համագործակցություն, միանշանակ, կլինի, բայց առայժմ չեմ կարող ասել, թե ում հետ ինչ ձևաչափով։ Այս թիմն ինձ համար ընտանիք էր, որի հետ շատ հաճելի, բայց և դժվար օրեր ենք ունեցել, սակայն ընկերական հարաբերությունների շնորհիվ ամեն ինչ հաղթահարել ենք։ Նոր նախագծերի ծրագրեր ունեմ, բայց առայժմ չեմ կարող ժամկետներ նշել։ 5 տարվա բուռն գործունեությունից հետո պետք է փոքր–ինչ դադար առնել»,– ասաց Արմենը։

Պրոդյուսերն իր շնորհակալությունը հայտնեց դերասանական կազմին, սցենարիստներին, նկարահանող անձնակազմին ու «Արմենիա TV»–ին` նախագծին հավատալու և աճին խթանելու համար։ Նա չմոռացավ նաև հավատարիմ հեռուստադիտողներին ու աշխարհի տարբեր կետերում իրենց ներկայացումներին գնացած հանդիսատեսին` 5 տարի իրենց կողքին լինելու համար, ի վերջո, առանց  նրանց նախագիծը կյանք չէր ունենա։