Գլխավոր Սպորտ Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի. արժեքը՝ մոտ 480 միլիոն դրամ

Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի. արժեքը՝ մոտ 480 միլիոն դրամ

131

Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց է կառուցվելու, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։

«Կկառուցվի նոր մարզադպրոց, բայց վերանորոգվելու է նաև նախկին մարզադպրոցը», – ասաց նա՝ ավելացնելով, որ մոտավորապես 480 միլիոն դրամ է նախատեսվել նոր մարզադպրոցի կառուցման համար։

Գաբրիել Ղազարյանը նշեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի հաջորդ տարի։ Նոր մարզադպրոցում մարզվելու է ավագ խումբը, իսկ մյուս խմբերը կմարզվեն վերանորոգված մարզադպրոցում։

Նշենք, որ կառավարության ապրիլի 25-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այս հարցով պետք է անցնել գործնական փուլի:

«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու, ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը», – ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այն մարզիկներն, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ։