Գլխավոր Նորություններ Փոխանակ երեխաներին կապենք ընթերցանությանը, սեռական երևույթների ենք ծանոթացնում. Գևորգ Պետրոսյան

Փոխանակ երեխաներին կապենք ընթերցանությանը, սեռական երևույթների ենք ծանոթացնում. Գևորգ Պետրոսյան

117

Դա գետինը մտնելու բան է, թող գնան իրենց երեխաներին այդ հարցերով ծանրաբեռնեն, Aysor.am-ի թղթակցին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ կողմից ներկայացված «Իմ մարմինը անձնական է» գրքին:

«Իբր գոհ էինք, որ չափահասների շրջանում են քարոզում իրենց գաղափարները, արդեն էնքան են ակտիվացել, էնքան անպատժելի են դարձել, որ արդեն սկսել են իրենց քարոզները անչափահասների շրջանում: Ես սա կարող եմ որակել սեփական ազգի ցեղասպանություն: Եթե դու քո ազգի մատաղ սերնդին այլասերման փորձ ես կատարում, նշանակում է, որ դու վնասում ես այդ ազգի ապագան»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը՝ համաձա՞յն չէ այն պնդումների հետ, որ գրքից հանվեն որոշ հատվածներ, որոնք վերաբերում են օրինակ՝ ԼԳԲՏ համայնքի մասին երեխաներին պատմելուն, և գիրքը կարելի է օգտագործել որպես սեռական դաստիարակության ուղեցույց, որտեղ, օրինակ, երեխաներին ներկայացվում է, թե իրենց մարմնի որ մասերին դիմացինն իրավունք չունի դիպչելու, Պետրոսյանն արձագանքեց.

«Դրանք արհեստական հարցեր են և շրջանառության մեջ են դրվում, որպեսզի ստանան գնահատական, կարծիքներ հնչեն, պատկերավոր համեմատություններ արվեն: Մարդկանց ուղեղի մեջ խնդիրն աստիճանաբար սկսում են նստեցնել: Դա պետք է բացառել: Ի՞նչ կապ ունի 3-4 տարեկան երեխան այդպիսի հարցերով զբաղվի: Ես բազմազավակ հայր եմ, և երբևէ իմ որևէ երեխա ինձ էդ տարիքում էդպիսի հարց չի տվել: Դա ի՞նչ արհեստական հարց է: Ամոթ է, փոխանակ երեխաներին կապենք գրքին, ընթերցանությանը, սեռական երևույթների ենք ծանոթացնում, ասում ենք՝ մարմինդ քեզ է պատկանում: Որևէ երեխայի մոտ այդ տարիքում նման հարց չի առաջանում»:

Անդրադառնալով դպրոցում սեռական դաստիարակության անհրաժեշտությանը՝ Պետրոսյանն ասաց, որ եթե անգամ դպրոցում նման առարկա մտցվի, ապա դա պիտի վերջին դասարաններում դասավանդվի:

«Ընդ որում, շատ չափավոր տեղեկատվութամբ պիտի դասավանդվի, վերաբերի, օրինակ, սեռական հիգիենային կամ սեռական հարաբերությունների անվտանգությանը, բայց ոչ 3-6 տարեկան երեխային ասենք՝ «հլը մի հատ նայի քո մարմինը քեզա՞ պատկանում, թե՞ ոչ»: Ամոթ է, ուղղակի սա խայտառակություն է, և մենք պետք է պայքարենք այս երևույթների դեմ»,- ավելացրեց պատգամավորը: