Գլխավոր Սպորտ Լևոն Ջուլֆալակյան. Մեր մարզիկները խոստումնալից են. դեռ շատ աշխատելու տեղ ունենք

Լևոն Ջուլֆալակյան. Մեր մարզիկները խոստումնալից են. դեռ շատ աշխատելու տեղ ունենք

153

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիս է տվել՝ ամփոփելով Եվրոպայի առաջնությունը

«Հավաքականը Բուխարեստում 10 մարզիկով մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Նվաճեցինք 2 բրոնզե մեդալ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:

Երկուսն էլ լավ գոտեմարտեր անցկացրեցին և մոտ էին ավելի բարձր արդյունքների հասնելուն: Բայց նրանց գոտեմարտերում եղան կասկածելի պահեր, որտեղ մրցավարները որոշում կայացրին ի օգուտ մեր հակառակորդների»,- Ջուլֆալակյանի խոսքը մեջբերում է «Արմենպրեսը»:

«Երեք այլ քաշային կարգերում ևս պայքարում էինք բրոնզե մեդալի համար, սակայն տակտիկական բացթողումների պատճառով զրկվեցինք այդ մեդալներից: Իսկ մյուս քաշերի մարզիկներից իրոք դժգոհ եմ: Նրանք իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Մեր մարզիկները խոստումնալից են, և մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Մեզ համար ամենակարևորն այս տարվա աշխարհի առաջնությունն է, քանի որ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Գլխավորը մեզ համար աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է»,- ասել է մարզիչը: