ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով Արսեն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»:
Հիշեցնենք, որ քաղաքացու կողմից Ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում էր ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ Ոստիկանությունում քրեական դատավարության կարգով նյութեր էին նախապատրաստվել:
Ավելի ուշ Ջուլֆալակյանը հերքել էր լուրերը, թե քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրել: