Գլխավոր Շոուբիզնես Հայ հայտնիների մասնակցությամբ Զառա Պետրոսյանի ստեղծագործական երեկոյի բեքսթեյջն ու հետաքրքիր պահերը (ֆոտո)

Հայ հայտնիների մասնակցությամբ Զառա Պետրոսյանի ստեղծագործական երեկոյի բեքսթեյջն ու հետաքրքիր պահերը (ֆոտո)

268

25 տարիների ստեղծագործական պատմություն՝ լի հետաքրքիր ու հագեցած ուղիով: Պրոդյուսեր եւ երգահան Զառա Պետրոսյանն այսօր՝ մայիսի 7-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում իսկական հուշ-երեկո էր կազմակերպել՝ հրավիրելով այն երգիչներին, որոնց հետ երբեւէ աշխատել է եւ այն մանուկներին, որոնց հետ աշխատում է այս շրջանում:

«Սերն իմ երգով»՝ այսպիսին էր համերգային երեկոյի խորագիրը, որին մասնակցում էին Էրիկը, Դալիթան, Աննա Խաչատրյանը, Ալեքսանդր Պլատոն, Մարբին, Ավետ Բարսեղյանը, Լիլիթ Մռավյանը, Մաշան, Միկան, Մանե Առաքելյանը, «Խաղ ու պար» ստուդիան, Compass band-ը, Նինելա Մխիթարյանը, Մոնիկա Սարգսյանը, Գայանե Գրիգորյանը, Յանա Հակոբյանը, «Սալսա», Hip Hope Life պարային համույթները եւ այլք:

Պրոդյուսերն ասում է՝ շատ երգիչների հետ է աշխատել, համերգին մասնակցել են նրանք, ովքեր այդ պահին քաղաքում են եղել: Երգիչներից շատերն էլ արտերկրում էին, բայց իրենց ողջույններն ու բարեմաղթանքներն էին հղել Զառային:

Իսկ ամեն ինչ սկսվել է Վարդուհի Վարդանյանի հետ համագործակցությունից, որից հետո էլ շարունակվել է Զառա Պետրոսյանի հեքիաթային երաժշտաուղին:

«Շատ հետաքրքիր ուղի էր… Երբ սիրում ես քո գործը, ամեն մի նոր նախագծից մյուսին անցնելու ճանապարհը շատ հետաքրքիր է դառնում, միեւնույն ժամանակ՝ շատ դժվար: Ոչինչ հեշտ չի տրվել, բայց աշխատում էի, հավատում, իմ առաջ դնում խնդիրներ, նպատակներ ու դրանց հասնելու ճանապարհն ինձ մեծ բերկրանք է բերում: Կարեւորը՝ աշխատանքս չէր կորչում: Ես օգնում էի երիտասարդներին կայանալու գործում, ինչո՞ւ ոչ, նաեւ միասին բազմաթիվ մրցանակներ ու պարգեւներ էինք նվաճում Հայաստանի համար»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց պրոդյուսերը:

Անդրադառնալով արտիստների հետ աշխատանքի դժվար ու հեշտ կողմերին՝ նշեց.

«Բոլորի հետ էլ կային իրենց դժվարությունները, հեշտ էր նաեւ այն առումով, որ բոլորի ճանապարհի սկիզբն էր, բոլորն էլ պարտաճանաչ էին, ձգտող ու աշխատասեր, որովհետեւ ցանկություն կար հասնելու, հաղթելու… Ես շատ ուրախ եմ, որ իմ սաներն այսօր իմ ընկերներն ու հարազատներն են: Բոլորն իմ կողքին էին. թե´ Էրիկը, թե´ Ալեքսանդր Պլատոն ինձ շատ են օգնել այս համերգի կազմակերպման հարցում»:

Իր ձեռքբերումներով Զառա Պետրոսյանը չի պատրաստվում սահմանափակվել: Ասում է՝ շատ նոր ու հետաքրքիր նախագծեր կան. «Հուսով եմ՝ ամեն ինչ կիրականանա»:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է համերգի ֆոտոշարքը՝ հենց բեքսթեյջից: