Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները, Toyota-ն, Hyundai-ը և Ջորին. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները, Toyota-ն, Hyundai-ը և Ջորին. կան վիրավորներ

351

Այսօր` մայիսի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 35 RD 145 համարանիշի, Mercedes մակնիշի 71 ZZ 333 համարանիշի, ВАЗ 2101 մակնիշի 34 FO 860 համարանիշի, Hyundai մակնիշի 440 ՍՏ 01 համարանիշի և Toyota մակնիշի 34 PT 442 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Բախման հետևանքով «2101»-ի հետևի անվահեծաններն ու գազաբալոնը պոկվել և շպրտվել են։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել ոչ միայն փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, այլ նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բախման հետևանքով «2101»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ Mercedes-ներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ ՇամշյանիՖոտոռեպորտաժ