Գլխավոր Նորություններ 1.9 միլիարդ դրամն ո՞ւր է, ի՞նչ գաղտնի ծախս են արել. դատել է...

1.9 միլիարդ դրամն ո՞ւր է, ի՞նչ գաղտնի ծախս են արել. դատել է պետք գաղտնի ծախսողին. Տիգրան Ուրիխանյան

738

Դեռևս մարտի 6-ին Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ են «Զինծառայողների ապահովագրության հինադրամին» չվճարված գումարները, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ, եթե կասկածներ կան, կարող են ստեղծել Քննիչ հանձնաժողով և ուսումնասիրություն սկսել։

Տիգրան Ուրիխանյանը Քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով դիմել էր «Իմ քայլը» խմբակցությանը, որը, սակայն, մերժել էր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տիգրան Ուրիխանյանը քաղաքական մեծամասնության վարչապետի առաջարկի վրա հիմնված իր առաջարկի մերժումը համարեց մարտահրավեր՝ ուղղված՝ ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ՝ իրեն ու հասարակությունը։

«Ո՞վ հնչեցրեց այդ առաջարկը՝ նա։ Ես էլ համաձայնեցի։ Իմ կարծիքն այն է, որ սա մարտահրավեր է։ Եթե «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո է նման բան արել, ապա դա լավ չէ։ Չգիտեմ նաև՝ վարչապետը փոշմանե՞լ էր իր արած առաջարկից, դրա համա՞ր մերժեցին, թե՞ ոչ»,- ասաց անկախ պատգամավորը։

Նա նաև ասաց, որ գրավոր դիմել է Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով համադրել առերևույթ առկա հանգամանքները, տալ դրանց քրեաիրավական գնահատականը, սկսել նյութերի նախապատրաստման փուլ։

«Գլխավոր դատախազությունից գրություն եմ ստացել, որ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, ու տարբեր հիմնավորումներ»,- ասաց Ուրիխանյանը։

Ըստ նրա՝ երբ հարցնում է, թե որտեղ են փողերը, իրեն փորձում են շեղել այլ ուղղությամբ, բայց ապարդյուն, որովհետև պատրաստվում է մինչև վերջ գնալ։

«Գլխավոր դատախազության տված պատասխանի վրա սևով սպիտակի վրա գրված է, որ գաղտնի ծախսեր են իրականացվել։ Ի՞նչ գաղտնի ծախսեր, դատել է պետք գաղտնի ծախսեր անողին։ Այդ հիմնադրամը գաղտնի ծախսեր անելու իրավունք չուներ, այս հիմնադրամն ունի միայն մեկ հոդված՝ հատուցումներ»,- ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ վարչապետի աշխատակազմից էլ ստացել է գրություն, որ հիմնադրամ մուտք չի արվել 1.9 միլիարդ դրամ։

Ինչ վերաբերում է իրեն «Զինծառայողների ապահովագրության հինադրամի» հոգաբարձուների խորհրդի կազմից հեռացնելու մասին Կառավարության որոշմանը, ապա Ուրիխանյանը նշեց.

«Ինձ հիմնադրամից հանելը կապված էր մի հարցի հետ՝ «Ո՞ւր են փողերը»։ Երբ այս խնդիրը բարձրացվեց, հիմնադրամը, չասեմ՝ ապօրինի, բայց ապօրինության տարր պարունակող նիստ գումարեց՝ հեռակա, քվեարկություն չեղավ։ Դրանից հետո նիստեր չեն եղել, նիստեր չլինելուց հետո էլ ինձ հանել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից»: Ուրիխանյանը նշեց, որ փողերի խնդրի հարցով դիմել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որը երկու շաբաթ ժամանակ է խնդրել, այն լրացել է, իսկ Տոնոյանից դեռ պատասխան չկա ու չկա։

Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ նաև օրերս Ազգային ժողովի վավերացրած «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։

Ըստ նրա՝ այս կոնվենցիայով պետք է իրականացվեն խորհրդատվություններ, վերաորակավորումներ, և այլն, և հենց այստեղ է, որ հարց է առաջանում:

«Իսկ կարո՞ղ է՝ էստեղ դրամաշնորհների խնդիր կա։ Սա պետք է պարզել։ Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում՝ մանկահասակ երեխաներին գնալ պատմել, որ գոյություն ունի սեռական կողմնորոշում հնարված ձևակերպումը. հենց այստեղ է թաղված շան գլուխը»,- ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ կոնվենցիայում առկա են այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են լավ մտադրությունները վատի շուռ տալ։

«Ես ձեռնարկելու եմ պայքարի զանազան մեթոդներից բխող գործողություններ, որ իմ երեխային որևէ մեկը դպրոցում չբացատրի, որ կարող է լինել սեռական կողմնորոշում։ Գիտենք, որ կան արդեն նման դեպքեր, երբ 11 տարեկան երեխային որոշ ՀԿ-ներ սովորեցնում են, որ, եթե հայրդ համաձայն չէ, որ դու կողմնորոշվես, և հեռախոսդ ձեռքիցդ վերցնում է, կարող ես դիմել ոստիկանություն»,- ասաց նա։