Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանը մնացել է հայկական «Game of Thrones»-ի առաջին սեզոնի տակ. Արմեն...

Նիկոլ Փաշինյանը մնացել է հայկական «Game of Thrones»-ի առաջին սեզոնի տակ. Արմեն Աշոտյան

125

Վարչապետի գործունեության մեկ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀԿ հասցեին Փաշինյանի հնչեցրած ձևակերպումները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը զավեշտալի և անբարեկիրթ է համարում:

«Այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում էր մեր մասին, վկայում է՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ: Այս մեկ տարվա իր գործունեության ախտորոշումն իր ասուլիսով նա տվեց, և հավատացեք՝ ոչ-ոք Հայաստանում այդքան արագ չի նվազեցնում վարչապետի վարկանիշը, որքան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրեն այս ազգանվեր, ազնիվ գործունեության համար և խնդրել խոսել շատ, խոսել այն ամենի մասին ինչ ինքն իրոք մտածում է, չփնտրել խոսքեր, այլ բացահայտել հայ հասարակությանն իր բուն էությունը», – ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ ասուլիսում հնչած մի շարք դիտարկումների կարելի է անդրադառնալ, մինչդեռ առաջնահերթ համարեց խոսել հատկապես Փաշինյանի այն հայտարարությունների մասին, որոնք հնչել են Սերժ Սարգսյանի և նախկին իշխանությունների հասցեին:

«Պետական այրին չսազական էր այսօր՝ մայիսի 8-ին, եռատոնի մեկնարկին, խոսել այդ բառապաշարով, դեմքի այդ ծամածռություններով, հեգնանքով ու անարգանքով այն մարդկանց մասին, որոնք մասնակցել են մայիսյան հերոսամարտերին ու որոնց շնորհից Արցախի Հանրապետությունը կայացավ, Հայաստանը վերահաստատեց իր պետականությունը: Անբարո է խոսել այդ բառապաշարով այն մարդու մաիսն, ով համակարգել է, օրինակ՝ Շուշիի ազատագրման օպերացիան: Դաստիարակության և անբարեկրթության խնդիր է խոսել այդ կերպով այն կուսակցության մասին, որը խրամատներում կանգնած էր Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերին», – ասաց Աշոտյանը:

Փաշինյանի պահվածքն, Աշոտյանի խոսքով, իրեն հանրահայտ սերիալներից մեկն է հիշեցնում, որի շարունակությունը վարչապետը չի շտապում նկարահանել:

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մնացել է հայկական «Game of Thrones»-ի առաջին սեզոնի տակ, չի հասկանում, որ մեկ տարի անց պետք է նկարահանվի 2-րդ, 3 -րդ, 4-րդ սեզոնում: Չի հասկանում, որ վարչապետի ասուլիսը պետք է լիներ հետևյալ ձևաչափով՝ խոսք-կատարված գործ», – ավելացրեց Արմեն Աշոտյանը: