Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսը երեխաների մոտ նոր հիվանդություն է առաջացնում

Կորոնավիրուսը երեխաների մոտ նոր հիվանդություն է առաջացնում

5837

Աստիճանաբար աճում է այն երեխաների թիվը, որոնց մոտ նկատվում է առողջական առեղծվածային իրավիճակ` կովիդ 19 հիվանդությամբ վարակվելուց հետո: Այն անվանում են մանկական բազմահամակարգ բորբոքային ախտանիշ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Բժիշկներն ուսումնասիրել են առնվազն 150 երեխաների: Նման ախտանիշներով երեխաներ են գրանցվել Նյու Յորքում ու ԱՄՆ-ի 17 այլ նահանգներում: Նշված երեխաների մոտ ի հայտ են գալիս կայուն բարձր ջերմություն, երիկամների ու սրտի բորբոքում ու վատ աշխատանք:

Բորբոքվում են արյան անոթները, կարմրում` աչքերը, մուգ կարմիր գույն ստանում լեզուն, ճաքում են շուրթերը: Ինչպես որոշ մասնագետներ են ասում, այս ախտանիշն ուղղակիորեն կապված չէ կորոնավիրուսի հետ: Այս խտանիշներն ունեցող ոչ բոլոր երեխաների մոտ է կորոնավիրուսը հաստատվել:

Սակայն Եվրոպայից ու ԱՄՆ-ից ստացված տեղեկությունների համաձայն, կապը կորոնավիրուսի հետ գրեթե հաստատված է: Ուսումնասիրությանը մասնակցած բժիշկներն ասսում են, թե սա կորոնավիրուսի դեմ երեխայի իմունային համակարգի ուշ արձագանքն է: Եվ քանի դեռ կովիդ 19 հիվանդությունը շարունակում է տարածվել, ավելի մեծաթիվ երեխաների մոտ կարող են նկատվել այս ախտանիշները: Երեխաների մեծ մասն այս ախտանիշները ծանր չեն տանում, շատերը նույնիսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժման կարիք չեն ունենում:

Սակայն փաստն այն է, որ այս ախտանիշների հետեւնքով կան նաեւ մահացության դեպքեր երեխաների շրջանում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը ուղեցույց է նախապատրաստում բժիշկների համար: Նույն աշխատանքով է զբաղված նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մեծ Բրիտանիայում, որտեղ 100 երեխաների մոտ են հայտնաբերել մանկական բազմահամակարգ բորբոքային ախտանիշներ, բժիշկներն այն նկարագրում են որպես կավասակի անվանումը կրող հիվանդության մի ճյուղ: Այս հիվանդությամբ հիվանդանում են հիմնականում մինչեւ հինգ տարեկան երեխաները:

Սակայն այս նոր համախտանիշը հանդիպում է նաեւ ավելի բարձր տարիք ունեցող, մինչեւ 16 տարեկան երեխաների մոտ: Հիվանդությունն ամենածանրը տանում են միջին հաշվով յոթ տարեկանները, որոնց մոտ ի հայտ են գալիս սրտի անբավարար աշխատանք եւ թունավոր ցնցումների համախտանիշ:

Հիվանդությունն առաջ է գալիս կորոնավիրուսով վարակվելուց մինչեւ վեց շաբաթ հետո: ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների գիտնականներն այժմ սկսել են մանկական այս համախտանիշի ուսումնասիրության լուրջ աշխատանքներ: