Գլխավոր Նորություններ Սուպերմե՞նն է, Այրոնմե՞նն է, Սպայդերմե՞նն է, Խա՞լկն է, «Մարվելի» կոմիքսներից ո՞ր հերոսն...

Սուպերմե՞նն է, Այրոնմե՞նն է, Սպայդերմե՞նն է, Խա՞լկն է, «Մարվելի» կոմիքսներից ո՞ր հերոսն է ինքը, որ ոչ մի թերություն չուներ. Աշոտյանը՝ Փաշինյանին

118

Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հաջողի, բայց ես չեմ կարող իրեն պարտադրել, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այսօրվա մամուլի ասուլիսին:

Հարցին՝ արդյոք այսօր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերից ոչ մեկն ինքը դրական չի՞ գնահատում՝ Աշոտյանն ասաց, որ դրական բաներ կային, բայց դրանք ընթացիկ գործընթացներ են.

«Մեր իշխանությունների գլոբալ խնդիրն այսօր նորից մերկացավ՝ մեծամտություն, դեմագոգիա՝ շաղախված նարցիսիզմի հետ: Այս թվարկումների մեջ, իհարկե, կան նախաձեռնություններ, որոնք լավ է, որ արվել են, բայց դրանք վարչապետի մեկ տարվա գործունեության հաշվետվության թեմա չէին, դրանք ոլորտային նախարարությունների հաշվետվություններ էին: Պարզ է չէ՞, թե 100 փաստի անատոմիան ոնց է եղել. կառավարության աշխատակազմից իջել է վարչապետի հանձնարարական բոլոր գերատեսչություններին՝ տալ լավ ցուցանիշներ, թե ինչ է արվել»։

Աշոտյանն ընդգծեց, որ ներկայացված ցուցանիշների մեծ մասը ընթացիկ գործողություններ էին, որոնք արտառոց չէին.

«Ոնց որ մերը ասի երեխեքին՝ ես ձեր համար ճաշ եմ սարքում կամ ես տներն եմ հավաքում»:

ՀՀԿ փոխնախագահին վարչապետի ասուլիսում զարմացրել էր նաև այն, որ վերջինս չկարողացավ նշել 5 բացթողում, որոնք իր կառավարությունն ունեցել է այս մեկ տարվա ընթացքում.

«Սուպերմե՞նն է, Այրոնմե՞նն է, Սպայդերմե՞նն է, Խա՞լկն է, «Մարվելի» կոմիքսներից ո՞ր հերոսն է ինքը, որ ոչ մի թերություն չուներ, ոչ մի բացթողում չի արել»,- ասաց Արմեն Աշոտյանը։