Գլխավոր Նորություններ Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի

1443

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում:


Աղոթքի մասին


Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:
Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’ տալիս, և’ այն, և’ այս անում է օգուտի համար, այնպես, որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ թե չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր:
Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ: Եկեք չտրտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք:


Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին:
Այն պատճառով կստանանք մեր խնդրածը, թե չենք ստանա, համառ լինենք մեր խնդրածներով և երախտագետ լինենք ոչ միայն հաջողելու, այլև չհաջողելու դեպքում:
Չստանալ, երբ այդպես է կամենում Աստված, կնշանակի ոչ պակաս, քան ստանալ, որովհետև ինքներս այնպես չգիտենք, թե ինչն է օգտակար մեզ համար, ինչպես Նա գիտի:
Ուրեմն, կստանանք թե չենք ստանա, մենք պետք է հավասարապես երախտապարտ լինենք և ուրախությամբ ընդունենք այն, ինչ Նրան հաճո է:


Այդ պատճառով չէ Աստված դանդաղում կատարել մեր խնդրածները, որ մերժում է դրանք, այլ կամենում է ուսուցանել մեզ անհողդողդություն և գրավել առ Ինքը: Այդպես է վարվում որդուն քնքշորեն սիրող հայրը` հաճախ հավանություն չտալով որդու խնդրանքներին ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տալ, այլ դրանով կամենում է նրան համառությամբ ամրապնդել:
Աղերսվածը ստանալը կախված է, առաջին` այն բանից, թե մենք արժանի՞ ենք ստանալ, երկրորդ` թե մենք աղոթում ենք Աստծո օրենքների համաձա՞յն, երրորդ` թե աղոթում ենք անդադա՞ր, չորրորդ` թե առօրեական բա՞ն չենք խնդրում, հինգերորդ` թե մեր կողմից կատարո՞ւմ ենք, այն, ինչ հարկ է, և վերջապես` թե օգտակա՞ր բան ենք խնդրում: Ինչպես այս պայմաններից է կախված աղոթքի չլսվելը, այդպես էլ հակառակ պայմաններից է կախված չլսվելը, թեկուզև աղոթողները արդարամիտ լինեն:
Ո՞վ էր Պողոսից ավելի արդար: Բայց երբ անօգուտ բան էր աղաչում, չլսվեց. «Եվ դրա համար, – ասում է առաքյալը, – երեք անգամ աղաչեցի Տիրոջը… բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է» (Բ Կորնթ. 12: 8-9):
Նախապես ո՞վ է ավելի արդար, քան Մովսեսը: Եվ նա նույնպես չլսվեց, և Աստված նրան ասաց` բավական է (Բ Օր. 3:26):Քանի որ նա խնդրում էր, որ մտնի ավետյաց երկիր, իսկ դա անօգուտ կլիներ, ապա և Աստված թույլ չտվեց: 

Բացի այդ` մենք չենք լսվում նաև այլ պատճառով, որ մեղքերի մեջ ենք հենց այն ժամանակ, երբ խնդրում ենք:


Այդ մասին Աստված ցույց է տալիս, երբ հրեաների մասին ասում է Երեմիային. «Իսկ դու մի’ աղոթիր այդ ժողովրդի համար… Չե՞ս տեսնում, թե ինչե’ր են կատարում» (Երեմիա 7:16-17): Նրանք, ասում է Նա, պիղծ բաներ են անում, իսկ դու նրանց համար խնդրում ես: Բայց Ես չեմ լսելու քեզ: Հավասարապես, երբ մենք մեր թշնամիների դեմ ինչ-որ բան ենք խնդրում, ապա ոչ միայն չենք լսվում, այլև բարկացնում ենք Աստծուն:
Աղոթքը բժշկություն է, սակայն երբ չգիտենք, թե ինչպես օգտագործել այդ բժշկությունը, ապա չենք կարող օգտվել նրա բուժական զորությունից:


Այսպիսով, մեծ բարօրություն է աղոթքի մշտականությունը, ինչպես ուսուցանում է մեզ քանանուհու հետ կատարվածը. իրոք, այն ինչին համաձայն չէր Քրիստոս, երբ Նրա առաքյալները խնդրում էին, քանանուհին հաջողեց՝ իր համառությամբ հասնելով խնդրածի իրագործմանը:
Աստված ավելի շատ կամենում է, որ մենք խնդրենք մեր մեղքերի համար, քան ուրիշներն անեն դա մեր փոխարեն: Երբ խնդրում ենք մարդկանց, մեզ հարկ է լինում և’ դրամ ծախսել, և’ ստրկաբար շողոքորթել, և’ շատ անգամ գնալ-գալ, և նեղություններ քաշել, որովհետև հաճախ անհնար և անմատչելի է լինում անմիջապես զրուցել վերևում կանգնածների հետ, այլ նախ անհրաժեշտ է լինում և’ դրամով, և’ զանազան զրույցներով գրավել նրանց ծառաների, կառավարիչների և վստահված անձանց ուշադրությունը և նրանց միջոցով ստանալ խնդրածը:
Իսկ երբ տեսնում է ուժգին և ջանասեր խնդրողին, ապա տալիս է և այն, ինչ նա չի ստացել մեզանից, իսկ երբ տեսնում է ծույլին, ապա Ինքն է հապաղում:


Այդպես են վարվում նաև քնքշորեն սիրող հայրերը. նրանք նույնպես խնդրանքի կատարման հետաձգումով անհոգ երեխաներին ջանասիրության են վարժեցնում:


Լսվո՞ւմ է քո խնդրանքը: Երախտապարտ եղիր, որ լսվել ես: Չի՞ լսվել: Եղիր համառ, որպեսզի լսվես: Դու միջնոդների կարիք չունես ոչ նեղություն քաշելու, ո’չ որևէ մեկին շողոքորթելու, ընդհակառակը, թեկուզև կատարելապես մենակ լինես, թեկուզ չունենաս հովանավոր, դու անպայման կհասնեն քո ուզածին, եթե ինքդ խնդրես Աստծուն:
Սովորաբար այդպիսի ակնածություն չունի Աստված, երբ Նրան մեր փոխարեն խնդրում են ուրիշները, քան երբ ինքներս ենք Նրան խնդրում, թեկուզ և լեցուն լինենք անհամար չարություններով: Թող ինձ լսեն նրանք, ովքեր աղոթում են անփութորեն և տրտնջում խնդրած պարգևի ուշացման համար:
Երբ ես ասում եմ` կանչիր Աստծուն, խնդրիր, աղաչիր Նրան, դու պատասխանում ես` ես խնդրեցի մեկ, երկու, տասը, հարյուր անգամ և չստացա:


Սակայն մի դադարիր, քանի դեռ չես ստացել, երբ կստանաս, այդժամ դադարիր կամ ավելի ճիշտ մնա աղոթքի մեջ: Եթե չես ստացել, ապա աղոթիր, որ ստանաս, եթե ստացել ես, ապա շնորհակալ եղիր, որ ստացել ես:
Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես: Սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ:
Սատանան լինելով նենգ և իմանալով, որ աղոթելիս մեծ հաջողությունների ենք հասնում, այդ պահին գալիս է մեզ մոտ, չէ՞ որ հաճախ, անհոգորեն մահճակալին պառկած, մենք ոչ մի բանի մասին չենք մտածում, իսկ գալով աղոթքի, հենց այդ պահին մեր գլխին են թափվում բազում մտածումներ, որպեսզի մեզ զրկեն աղոթքի պտուղներից և դրանք կատարելապես ապարդյուն դարձնեն:
Եվ հաճախ է պատահում, որ ավարտելով աղոթքը` մենք հեռանում ենք` չլսելով այն, ինչ ասել ենք:


Այսպիսով, երբ նկատում ենք, որ այդպես է, ապա անմիջապես պետք է կրկնենք աղոթքը, իսկ եթե մեզ հետ նորից պատահում է նույնը, ապա վերստին պետք է աղոթենք երրորդ, չորրորդ անգամ և չդադարեցնենք այնքան ժամանակ, քանի դեռ խնամքով և սթափ հոգով սրտներս Աստծո առջև չենք բացել:
Եթե գալով որևէ մարդու մոտ, մեր մեջ հայտնաբերում ենք այնպիսի ինքնասուզություն, որ անգամ չենք նկատում կողքի կանգնածներին, այլ կենտրոնանալով խորհում ենք միայն այն մասին, ում մոտ եկել ենք, ապա առավել ևս նույնը պետք է անենք Աստծո հանդեպ. պետք է ուշադիր լինել աղոթելիս և չմտածել այլ բաների մասին:
Եթե լեզուն արտասանում է բառեր, իսկ միտքը թափառում է այլուրեք` խորհելով տան և հասարակաց գործերի մասին, ապա մեզ համար ոչ միայն օգուտ չի լինի, այլ հակառակը` դատապարտությունն ավելին կլինի:
Եթե մարդկանց այդքան ժամանակ ենք հատկացնում` ծառայելով բանակում, տանելով բազում դժվարություններ և ստրկաբար կատարելով պարտավորություններ, և վերջ ի վերջո, հաճախ կորցնում ենք անգամ հույսը, ապա մի՞թե մեր Տեր Աստծո համար, Ումից անպայմանորեն կստանանք պարգևներ, առավել շատ արդյունքներ, արիություն չունենք նույն կերպ վարվել: Եվ ի՞նչ պատժի արժանի բան է դա:
Չէ՞ որ անգամ չստանալու դեպքում Աստծո հետ մշտական զրույցն ինքնին բազում բարիքներ է պարունակում: Իսկապես մեծ բարիք է աղոթելը և դրա միջոցով Աստծո հետ զրուցելը: Եթե առաքինի մարդու հետ զրուցելն օգտակար է, ապա ինչ հաճույք է ստանում նա, ով արժանանում է Աստծո հետ զրուցելուն:
Անմտությո՞ւն չէ ծառաներին հրամայել, որ անդուլ ծառայեն մեզ, իսկ ինքներս փոքր-ինչ ժամանակ չենք տրամադրում Աստծուն:


Դու քո օգուտը չգիտես, մա’րդ, և հաճախ վնասակարն ու խաբեականն ես խնդրում: Սակայն նա, ով ավելի է մտահոգ քո փրկությամբ, ոչ թե աղոթքներին է ուշք դարձնում, այլ դրանից առաջ նախատեսում է քո օգուտը:
Արդարև, եթե մարմնավոր հայրերն իրենց երեխաներին իսկույն չեն տալիս նրանց խնդրածը և ոչ այն պատճառով, որ զանցառում են խնդրողին, այլ որովհետև, հակառակը, ավելի հոգածու են, ապա առավել ևս այդպես է վարվում Աստված, Ով բոլորից շատ է սիրում և բոլորից շատ լավ գիտի, թե որն է մեզ համար օգտակար:


Երբ դու նվազեցնում ես աղոթքիդ ջերմեռանդությունը, որովհետև չես ստանում, ապա հիշիր, թե քանի անգամ քեզ դիմեց աղքատը, և դու չլսեցիր նրան, մինչդեռ նա դրա համար չատեց և չվիրավորեց քեզ, ընդ որում դու դա արեցիր դաժանորեն, իսկ Աստված անում է մարդասիրաբար:
Այսպիսով, եթե դու ինքդ քո դաժանության պատճառով չլսեցիր թշվառին և քեզ մեղավոր չես ճանաչում, ապա ինպե՞ս ես մեղադրում Տիրոջն, Ով մարդասիրաբար զանցառում է:
Եթե երանելի Դավիթը, լինելով թագավոր և խրված հոգսերի ու բազմազբաղության մեջ, օրվա ընթացքում յոթ անգամ աղոթում էր Աստծուն, ապա ի՞նչ արդարացում և ներում ունենք մենք, որ այդքան պարապ ժամանակ ունենք և Նրան մշտապես չենք աղոթում, քանի որ կարող ենք դրանից մեծ օգուտներ ստանալ:
Ակունքի ջրերն այդքան ծաղկուն չեն դարձնում այգին, ինչպես արցունքի ակունքը, ոռոգելով աղոթքի ծառը, այն հասցնում է մեծագույն բարձրության և աղոթողին կանգնեցնում Աստծո առջև:
Հենց ամենից շատ դրանից է կախված մեր ձայնի տեղ հասնելը: Հիրավի, նա, ում մարմինն այն ժամանակ, երբ մեկնված է գետնին և բերանն անիմաստորեն բարբառում է, հոգին թափառում է ամենուր` տանը, հրապարակներում, նա կարո՞ղ է ասել, որ աղոթում է Աստծուն:
Աղոթքով սկսվող ու ավարտվող սեղանից ոչինչ չի պակասի և, ինչպես հորդառատ աղբյուրից, մեզ կտրվեն բոլոր բարիքները:


Տարօրինակ է, որ մեր ծառաները, մեր սեղանից ինչ-որ բան ստանալով, շնորհակալություն են հայտնում և բարի խոսք ասելով` հեռանում, իսկ մենք, հաճույք ստանալով այդքան առատ բարիքներից, Աստծուն այդպես չենք փառաբանում:
Այդ պատճառով մեր և հասարակաց, և անձնական գործերն ընթանում են հակառակ մեր սպասման, որովհետև սկզբից ոչ թե հոգևոր գործերի մասին ենք հոգ տանում, այլ առօրեական: Թե՞ դու չգիտես, որ եթե գալիս ես երկրպագելու Աստծուն և մասնակցություն ես բերում այստեղի (եկեղեցական) գործերին, ապա քեզ համար ավելի հեշտ կդառնան սպասվող (առօրեական) գործերը:
Սակայն դու ունե՞ս առօրյա գործեր: Հենց դրանց համար էլ արի այստեղ, որպեսզի այստեղ գալով՝ գրավես Աստծո բարեհաճությունը, անվտանգ դուրս գաս, որպեսզի ունենաս Աստծո դաշնակցությունը, որպեսզի երկնային Աջի օգնությամբ դևերի համար անհաղթահարելի դառնաս:
Եվ թող ինձ չասեն, թե ծառայության մեջ գտնվող աշխարհիկ մարդու համար անհնար է մշտապես աղոթել ցերեկով և եկեղեցի գալ: Հնարավոր է, և այն էլ` բավական հեշտ: Եթե հեշտ չէ եկեղեցի գալը, ապա կարելի է աղոթել առանց թողնելու ծառայությունը` կանգնելով այնտեղ` դատարանի դռների առջև: Եվ այդպես հաճախ շատերն են վարվում:
Աղոթքի համար այնքան բառերը կարևոր չեն, որքան միտքը, ոչ այնքան ձեռքերի շարժումներն են պետք, որքան հոգու լարվածությունը, ոչ այնքան մարմնի դրությունն է կարևոր, որքան հոգու տրամադրությունը:

Շարունակությունը՝ qahana.am