Սեքսն օգտակա՞ր է սրտի համար: Հարցը բավական պարզ է, բայց դրան պատասխանելը շատ դժվար է մասամբ որովհետեւ այս թեմայով քիչ հետազոտություններ են կատարվել, նշում է Քլիվլենդի կլինիկայի սրտանոթային բժշկության ամբիոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սթիվեն Նիսսենը: Նրա խոսքով՝ մի բան կարելի է հաստատ ասել՝ սեքսն առողջ ապրելակերպի մաս է:
1. Սեքսը համարվո՞ւմ է ֆիզիկական վարժություն:
Այո, բայց ոչ ինտենսիվ: Սեքսի միջինում 5-15 րոպեն հավասար է 20 րոպե քայլելուն: Վերեւից պառկած զուգընկերոջ սրտի կծկումների հաճախությունը հասնում է մոտ 120-ի, ներքեւից պառկածինը՝ մոտ 110-ի:
Այլ կերպ ասած՝ մարդը սեքսից ստանում է սրտանոթային վարժությունների նվազագույնը: Պետք չէ հույսը դնել միայն այդ վարժության վրա:
2. Սեքսն օգտակա՞ր է սրտի համար
Ամենայն հավանականությամբ: Օրինակ՝ մի հետազոտություն ցույց է տվել, որ շաբաթական երկու կամ ավելի անգամ սեքսով զբաղվող տղամարդիկ ավելի քիչ են ենթակա եղել սրտանոթային հիվանդությունների վտանգին, քան նրանք, ովքեր սեքսով զբաղվել են ամիսը մեկ անգամ կամ ավելի քիչ: Նման հետազոտությունները կատարվում են տղամարդկանց շրջանում, քանի որ տղամարդիկ ավելի ենթակա են սրտանոթային հիվանդությունների վտանգին, բայց նույնը վերաբերում է նաեւ կանանց:
Այս հետազոտությունները չեն ապացուցում, որ սեքսը կանխում է սրտային հիվանդությունները: Բայց մենք հիմնականում սեքսը համարում ենք ամուր առողջության «ցուցիչ»: Եթե Դուք հաճախ եք սեքսով զբաղվում, նշանակում է՝ առողջ եւ ակտիվ եք:
3. Որեւէ մեկը կարո՞ղ է ապացուցել, որ սեքսն օգտակար է առողջության համար:
Հավանաբար, ոչ: Հետազոտությունները չեն ապացուցում պատճառահետեւանքային կապը:
Պատճառահետեւանքային կապն ապացուցելու համար պետք է կլինիկական հետազոտություն կատարվի խմբի մասնակցությամբ, որը երկար ժամանակ պետք է սեքսով չզբաղվի: Սա քիչ հավանական է թվում:
4. Սրտի հիվանդություն ունենալու դեպքում վնասակա՞ր է սեքսը:
Ոչ միշտ: Եթե Դուք բավականաչափ առողջ եք սեքսի համար, դա ողջունելի է:
Կան մի քանի ապացույցներ, որ անծանոթ զուգընկերուհու հետ սեքսը, արտամուսնական սեքսը կարող է ռիսկային լինել սրտի հիվանդություն ունեցող տղամարդկանց համար: Տղամարդիկ նույնիսկ մահացել են նման սեքսի ժամանակ, բայց հազվադեպ:
5. Սեքսն օգտակա՞ր է ընդհանուր առողջական վիճակի համար:
Ամենայն հավանականությամբ, այո: Սեքսը կարող է մարդուն դարձնել ավելի երջանիկ, ավելի թուլացած եւ պակաս ենթակա սթրեսի: