Գլխավոր Մամուլ «Հրապարակ». Սուպերվարչապետականը հենց Նիկոլ Փաշինյանի ձևավորած համակարգն է

«Հրապարակ». Սուպերվարչապետականը հենց Նիկոլ Փաշինյանի ձևավորած համակարգն է

135

«Սուպերվարչապետական համակարգը Հայաստա­նի Հանրապետությունում այլևս վերացված է՝ երեկ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն հարցին, թե սուպերվարչապետական ինստի­տուտ պահելը կա՞ արդյոք իր օրա­կարգում, պատրաստվո՞ւմ է արդյոք ինքն այն վերացնել և երբ:

Ապա, որպեսզի հիմնավորի իր տեսակետը, որ կառավարման այս համակարգը սուպերվարչապետական համակարգ չէ, վարչապետն ասաց. «Կարա՞ք բացատրեք, թե ինչու է սուպերվարչապետը լուսա­ցույցի կարմիր լույսի տակ կանգնում: Սուպերվարչապետն ինչո՞ւ է 5 ասուլիս տալիս: Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք է տաք: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, թե­կուզ այս շփման ընթացքում, վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել: 

Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը և լծակները չեն: Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինինը՝ քեզ, ես էստեղ 50 տոկոս եմ փայ, ստեղ՝ էն մյուսը, ստեղ իմն ա լրիվ»: Սուպերվարչապետը նա է, ով, ըստ Նիկոլ Փաշինյանի, որոշում է, թե ով որտեղ պետք է ընտրվի, ով մասնակցում է դատա­կան վճիռների կայացմանը: Նաև հարցրեց՝ ինչի՞ ենք վերադարձրել Բաղրամյան 26-ը նախագահի նստավայրին, ինչո՞ւ են ԱԺ դռները բացվել և այլն: Կամ՝ սուպերվարչապետը գնում է, դատարանում վկայի կարգավիճակով ցուցմունք է տալիս: Այս թվարկումից էլ եզրակացրեց, որ սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չկա:

Միանգամայն ճիշտ է վարչապե­տը՝ վերը նշված երևույթները կային անցյալում, և դրանք հենց մոնոպոլ իշխանության, սուպերվարչապետական համակարգի ապացույցներն են: Բայց ոչ միայն դրանք: Բազում ապացույցներ կան նաև հիմա, և հանրությունը հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու էր փոխել այս համակարգը և կամովին հրաժարվել ինչ-որ լիազորություններից՝ մեծացնե­լով այլ կառույցների և անձանց լիա­զորությունները, որ երկիրը դառնար իրական պառլամենտական երկիր:

Սուպերվարչապետական համա­կարգի և դատական համակարգը կառավարելու ապացույց չէ՞ արդյոք աշնանը արված Փաշինյանի այն հայ­տարարությունը, թե ով է այն դատա­վորը, որ իր ասածը կարող է չանել, և դատավորներին ուղղված հաթաթաները՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և այլն: Նման հայտարարություններ անցյալում չէին արվում՝ գոնե հրապարակավ: Այս շարքում են նաև հայտնի վարչական վարույթները Ռ. Քոչարյանի գործի քննությունից հրաժարված դատավորների նկատմամբ:

Սուպերվարչապետի պահվածք չէ՞ր արդյոք դրոշի համար մաքսային աշխատողին աշխատանքից ազատե­լը: Սա անգամ ոչ թե սուպերվարչապետի, այլ ավելին՝ արևելյան փա­դիշահի պահվածք էր՝ մարդուն իր գործառույթների մեջ չմտնող արարքի համար, այն էլ՝ վարչապետի իրավա­սությունների մեջ չմտնող, վարչական ակտը:

Սուպերվարչապետական վարք ու բարք չե՞ն արդյոք ասֆալտին փռելու, պատերին ծեփելու կոչերն ու հրա­հանգները: Սուպերվարչապետական համակարգի արդյունքը չէ՞ այն, որ ԱԱԾ-ն վարչապետի կողմից հրահանգ է ստանում գտնել և պատժել «ֆեյքերին», որոնք իշխանություններին անհաճո «ստատուսներ» են գրում: 

Սուպերվարչապետական պահվածք չէ՞ ընտանյոք հանդերձ պետական ինքնաթիռով և ուղղաթիռով տարբեր տեղեր մեկնելը, ապա բացատրելը, թե վարչապետը շատ է աշխատում, ընտանիքը կարոտում է նրան և մեկնում է նրանից կարոտն առնե­լու կամ Արցախում ծառայող որդուն այցելելու համար: 

Սուպերվարչապետական համակարգի մեջ արդյոք տեղ չի՞ զբաղեցնում քավորին՝ մարզպետ, աներորդուն ու զարմիկին՝ պատ­գամավոր, ընկերոջը քաղաքապետ դարձնելը: Սուպերվարչապետ զգալու արդյունքը չէ՞ առհասարակ մեզանում ծավալվող կադրային քաղաքակա­նությունը, երբ 73-ամյա Ոստանիկ Մարուխյանը հանգիստ, անվրդով աշխատում է պոլիտեխնիկի ռեկտո­րի պաշտոնում, իսկ 63-ամյա Արամ Սիմոնյանին «պերսոնա նոն գրատա» են հայտարարել և կյանքի գնով փորձում են պաշտոնից ազատել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: