Գլխավոր Նորություններ Կանխավճարների ապահովագրավճարը կփոխհատուցի պետությունը. մանրամասներ հիփոթեքի 2-րդ ծրագրի վերաբերյալ

Կանխավճարների ապահովագրավճարը կփոխհատուցի պետությունը. մանրամասներ հիփոթեքի 2-րդ ծրագրի վերաբերյալ

5

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում պետությունից հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 5 մլն-ական դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10%-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5%:

Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը կսահմանվի համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90%-ի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ դրամը։

Դրամական աջակցության վճարումը կդադարի այն պահից սկսած, երբ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կկազմի 70%-ից ցածր երկրորդային շուկայից գնված գույքի դեպքում և 80%-ից ցածր առաջնային շուկայից գնված գույքի դեպքում։

Անձը՝ որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Այս ծրագրով 2020թ.-ի ընթացքում աջակցություն նախատեսված է 300 ընտանիքի համար:

Ուշադրություն. Ծրագիրը մեկնարկում է 2020թ.-ի հուլիսի 1-ից: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիփոթեքային վարկ վերցնել: