ԱՄՆ-ի բնակչուհի Կեյլա Էդվարդսը, որը ծնվել է առանց արգանդի և մտածում էր, որ երբևէ չի կարող երեխա ունենալ, հազվագյուտ վիրահատությունից երկու տարի անց կարողացել է հղիանալ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
2017 թվականին 27-ամյա կինն իմացել է, որ Բելյորի համալսարանի բժշկական կենտրոնում ԱՄՆ-ում առաջին անգամ արգանդի փոխպատվաստում են կատարել: Նա և ամուսինը եկել են այն համոզման, որ դա երեխա ունենալու իրենց միակ հնարավորությունն է և վիրահատության հայտ են ներկայացրել:
Վաշինգտոնից տեղափոխվելով Տեխաս` Էդվարդսի համար դոնոր են գտել, սակայն վիրահատությունը խափանվել է: Հաջորդ դոնորին կինը ստիպված է եղել սպասել մեկ տարի, որից հետո վիրահատությունը կայացել է և բարեհաջող է ավարտվել:
Արհեստական բեղմնավորման առաջին երեք փորձերն արդյունք չեն տվել, սակայն 2019 թվականի հունվարին տեղի ունեցած չորրորդ փորձն ստացվել է: Երեխան կծնվի հոկտեմբերին: Էդվարդսը կդառնա աշխարհում երրորդ կինը, ով երեխային կրում է փոխպատվաստված արգանդում: