Գլխավոր Նորություններ Ա´յ Նիկոլ ջան, քեզ մոտ ոչ մի բան չի ստացվում, ընկե´ր, դիմում...

Ա´յ Նիկոլ ջան, քեզ մոտ ոչ մի բան չի ստացվում, ընկե´ր, դիմում գրի, գնա․ Արմեն Աշոտյան

325

Փաշինյանը խուճապի մեջ է, և դրա պատճառը հարյուր հազարավոր քաղաքացիների դժգոհությունն է։ Այս մասին այսօր` մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը

«Ադեկվադ» միաբանության անդամներին ու երիտասարդ ՀՀԿ-ականներին բերման ենթարկելու փաստը մեկնաբանելով Արմեն Աշոտյանն ասել է, որ Հայաստանում արտակարգ դրությունը պահպանվել է բացառապես դժգոհ քաղաքացիներին, քաղաքական մրցակիցներին ճնշելու համար։

«Ապարդյուն է այդ գործիքը, բայց այն փորձում են աշխատեցնել, բոլոր գործիքներն այս իշխանությունների ձեռքին արագ բթանում են, այս գործիքն էլ դեռ չկիրառված այսօր բթացավ»․ ասել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում արտակարգ դրությունը չի աշխատել, և կառավարությունը չի կարողացել զսպել վարակի տարածումը, մարդկանց շրջանում  առաջացել են կյանքի եւ ապրուստի խնդիրներ.

«Մեզ մոտ արտակարգ իրավիճակը պահպանվել է առանց արտակարգ միջոցառումների: Տեսնում եք` քաղաքում, կներեք արտահայտությանս համար, «բարդակ» է և ակնհայտ էր սկզբից, որ արտակարգ դրության պահպանումը մեկ նպատակ ունի` շարունակել սահմանափակել մարդկանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Ամբողջ աշխարում արտակարգ դրությունը հանում են, բայց միջողառումները շարունակում են, մեզ մոտ հակառակն է` արտակարգ իրավիճակի ռեժիմը պահպանել են, իսկ մարդկանց առողջության հետ կապված խնդիրները գցում են մարդկանց գրպանը»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերին` Արմեն Աշոտյանն ասել է, որ Փաշինյանը խուճապի մեջ է, և դրա պատճառը հարյուր հազարավոր քաղաքացիների դժգոհությունն է, այսօրվա աջակիցներին բերման ենթարկելու գործընթացն էլ իրենից ենթադրում է անուղղակի ճնշում յուրաքանչյուր քաղաքացու վրա, որը համակարծիք չէ ներկա իշխանությունների հետ:

Արձագանքելով դիտարկմանը, որ երեկվա ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իրեն այլևս  չդիմեն հերքումների համար, ինչպես օրինակ մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման թեմայով, Աշոտյանը նշել է, որ կառավարությունը մարդկանց միայնակ է թողել իր խնդիրների հետ.

«Նիկոլ Փաշինյանին մնա՝ իր վարչապետությունը կսահմանափակվի կառավարական դաչայով Սևանում, այստեղի կառավարական առանձնատնով, վարչապետական ինքնաթիռով և պարգևավճարներով։ Այդ մարդը չի եկել ժողովրդի հարցերը լուծելու, երկու տարի առաջ էլ էր դա պարզ ոմանց, այդ թվում նաև մեզ, այսօր դա պարզ է հարյուր հազարավոր մարդկանց: Նա բրախել է ժողովրդին, պարզապես բրախել։ «Եղունգ ունես գլուխդ քորիր». այս իրավիճակում է այսօր հայտնվել Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Ա´յ Նիկոլ ջան, քեզ մոտ ոչ մի բան չի ստացվում, սաղ վատ է, տնտեսությունը, սոցիալական վիճակը, արտաքին քաղաքականությունը, Արցախյան բանակցությունները, սաղ վատ է, ընկե´ր, դիմում գրի, գնա»:

Ըստ Արմեն Աշոտյանի՝  այսօր Հայաստանը դասվել է այն երկրների շարքը, որոնք ավտորիտար կառավարման են անցնում վիրուսի դեմ պայքարելու փոխարեն, և այս մասին մի քանի ժամից կիմանա ամբողջ Եվրոպայի քաղաքական հանրույթը, ՀՀԿ փոխնախագահն ինքը խոստանում է ձեռնամուխ լինել այդ գործին: