Գլխավոր Նորություններ «Դա ժողովրդին ֆռռացնելու ձև է». Բագրատյանը՝ Փաշինյանի՝ որոշման մասին

«Դա ժողովրդին ֆռռացնելու ձև է». Բագրատյանը՝ Փաշինյանի՝ որոշման մասին

73

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով Հայաստանի և Բելառուսի` գազի փոխադրման և տարանցման ծառայությունների վերաբերյալ առաջարկած ընդհանուր սակագնին, հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում:

168.am-ը փորձեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից պարզել՝ որքանո՞վ է սա հնարավոր:

«Ես չեմ կարող ասել, դա կառավարությանը պիտի հարցնեք՝ իրենք միասնական բյուջե, միասնական հարկային համակարգ լսե՞լ են, թե՞ ոչ: Ես չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ Պուտինը: Բայց ինքն այնպես էր խոսում, որ լսողը կմտածեր, թե Հայաստանը և Բելառուսը կարծես թե դրա մասին գիտեին»,- պատասխանեց Հ. Բագրատյանը:

Հակադարձմանը՝ այսինքն՝ կուլիսային տարբերակով տեղեկացրե՞լ էին նախապես, այսպես արձագանքեց՝ «Ես չգիտեմ»:

Իսկ թե որքանո՞վ են իրատեսական ֆինանսական փորձագետների շրջանում այն կարծիքները, որ Հայաստանը կարող է դառնալ կրիպտոարժույթների տարածաշրջանային առաջատար երկիր, այլ կերպ ասած՝ «կրիպտո Շվեյցարիա», ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կտրուկ պատասխանեց. «Դա բացառվում է»:

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց 100 շինարարական ծրագրերի մասին, որը, ըստ էության, ենթադրում է դպրոցաշինություն: Սա որքանո՞վ կարող է խթանել տնտեսությունը, այսինքն՝ զուտ սոցիալական խնդի՞ր է լուծելու, թե՞ նպաստելու է տնտեսության զարգացմանը, Բագրատյանը հիշեց, որ իր կամ մյուս վարչապետների օրոք տարեկան վերանորոգվում էր մի քանի հարյուր դպրոց:

«Այն ժամանակ դա մեկ էջանոց փաստաթուղթ էր, հիմա ինքն այդ փաստաթուղթը սարքում է բազմաէջանոց որոշում՝ ամեն օբյեկտ առանձին նշելով: Սա, այսպես ասեմ՝ ժողովրդին հաճոյանալու PR է, ինքը հասկանում է, որ խելոք մարդիկ դա հասկանում են, բայց դա ժողովրդին ֆռռացնելու ձև է»: