Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին:
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի:
Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով:
«Բայց, բնականաբար, սա ասելով նկատի ենք ունենում կարողանալ իրավիճակը կառավարել այնպես, որ սահմանափակումներից ետ քայլ անելուց հետո կրկին անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումներին:
Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այդ է, որ, ցավոք սրտի, մենք վստահ չենք, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում կկարողանանք պահել այս մարտավարությունը:
Բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: