Գլխավոր Մամուլ «Փաստ». Նիկոլ Փաշինյանի «փաստերը». ՀՀ-ում, այնուամենայնիվ, չի վե­րանում վիճակագրական մանիպուլյացիայի արատավոր ինստիտուտը

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի «փաստերը». ՀՀ-ում, այնուամենայնիվ, չի վե­րանում վիճակագրական մանիպուլյացիայի արատավոր ինստիտուտը

108

«Երեկ Փաշինյանի խոսքում, ըստ էության, նոր ոչինչ չկար, ու մի քանի ժամ շարունակ վարչապետը ներկայացնում էր իր լայվերի, ֆեյսբուքյան գրառումների, հարցազրույցնե­րի, ելույթների հանրագումարը՝ ավելի ըն­դարձակ ու հանգամանալից, կամ, ինչպես խոստացել էր, կետ առ կետ:

Հայաստանում, այնուամենայնիվ, չի վե­րանում վիճակագրական մանիպուլյացիայի արատավոր ինստիտուտը: Դրանից օգտվել են մինչհեղափոխական շրջանի գրեթե բոլոր վարչապետները, դա մնում է նաև Նիկոլ Փաշինյանի հիմնական «զենքը»: 

Իշխանու­թյան առաջին դեմքերը համառորեն չեն ուզում գիտակցել, որ անապացուցելի թվերը, պերճախոս վիճակագրությունը մեր հասա­րակության վրա զրոյական ազդեցություն է ունենում՝ հաճախ հանգեցնելով հակառակ էֆեկտի: 

Համենայն դեպս, մի փոքր այլ էին այս ասուլիսից սպասելիքները: Անկեղծորեն սպասում էի, որ վարչապետից լսելու եմ կոնկրետ ծրագրեր, հայեցակարգեր, բովանդակություն, այլ ոչ թե ծաղր, հեգնանք, սպառնալիք ու անսահմանափակ անհիմն հայտարարություններ:

Հայաստանը շարունակում է մնալ կարգա­խոսների երկիր, որոնց հետևում հասարա­կությունն ուզում է տեսնել կոնկրետ գործեր, ոչ թե խոստումներ, ոչ թե սին խոսքեր, այլ՝ արդյունք:

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը շատ ավելի բովանդակային կլիներ, եթե լսեինք անկեղծ խոսակցություն այն մասին, թե ինչու տակավին հնարավոր չի լինում ապահովել տնտեսության թռիչքաձև աճ, իսկ տնտեսու­թյան ակտիվությունը չի գերազանցում մինչ­հեղափոխական շրջանի ցուցանիշները: Կամ՝ ինչու Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չկարողացավ ապահովել ներդրումային բում, մանավանդ, որ նման խոստումներ Փաշինյանը տալիս էր թե հեղափոխության հարթակից և թե վարչա­պետության առաջին ամիսներին:

Կնճռոտ այս հարցերի պատասխանները երեկ չլսեցինք, մյուս կողմից՝ թվերի ու խոստումների ձևով Փաշինյանը ձևավորեց հան­րային սպասումների նոր միջավայր: Սա­կայն վարչապետի հեղափոխական պաթոսն ու հռետորաբանությունն այլևս նախկինի պես չեն գերում հասարակությանը, որը վեր­ջապես ուզում է ապրել բարեկեցիկ կյանքով: Հեղափոխությունից մեկ տարի հետո մար­դիկ ուզում են տեսնել կոնկրետ արդյունքներ ու այլևս հոգնել են գեղեցիկ խոստումներից ու կարգախոսներից, ինքզինքը մեջբերելու, ինքն իրենով հիանալու, իրականությունից իսպառ կտրված ապրելու գործելաոճից: 

Առավել ևս՝ ամեն ինչ անցյալի վրա գցելու ու անցյալի ստվերների հետ կռիվ տալու մոլուց­քից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: