Գլխավոր Նորություններ Պահանջը հնչել է և խելամիտ կլինի, որ այն կատարվի. Քաղաքագետը՝ Նիկոլ Փաշինյանին...

Պահանջը հնչել է և խելամիտ կլինի, որ այն կատարվի. Քաղաքագետը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու՝ Միքայել Մինասյանի կոչի մասին

166

Aysor.am-ը գրում է.

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին պահանջն արդեն հնչել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից, և խելամիտ կլինի, որ դա տեղի ունենա։

«Այս կամ այն գործչից ազատվելու խնդիրը սուբյեկտիվ գործոն է, այսինքն՝ մեկին կարող է այս գործիչը դուր գալ, մյուսին՝ դուր չգալ։ Սակայն, ինչու է առաջացել այս խնդիրը. բանն այն է, որ ցանկացած երկիր, երբ գտնվում է բավականին լուրջ վտանգի առջև, սովորաբար երկրի ղեկավարը փորձում է կոնսոլիդացնել երկիրն իր շուրջ։ Հասարակության մեջ էլ է առաջանում այդ կոնսոլիդացիայի պահանջը, մարդիկ մոռանում են ընդդիմության, իշխանության խնդիրները, մարդիկ ուզում են համախմբվել այդ մարտահրավերը կանխելու համար», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նա որպես օրինակ նշեց Միացյալ Նահանգներում 2001 թվականին տեղի ունեցած ահաբեկչությունը։

«2001 թվականին այդպես եղավ ԱՄՆ-ում, երբ ահաբեկիչների գործողության հետևանքով ամերիկացիների 90 տոկոսը համախմբվեց Բուշի կողքը»։

Քաղաքագետի խոսքով՝ առաջացել է շատ պարադոքսալ իրավիճակ. Հայաստանը կանգնած է բնական աղետի առջև, սակայն երկրի ղեկավարը փաստացի ոչ միայն չի կոնսոլիդացնում հասարակությանը, այլև փորձում է էլ ավելի խորացնել պառակտումը, որը կար մինչ այս։

«Սա քաղաքագիտական և բնական նոնսենս է, օբյեկտիվորեն այսպիսի բան չպետք է լիներ։ Կարծում եմ, քանի որ ինքը չի գիտակցում սա, առաջացել է յուրօրինակ իրավիճակ, երբ երկրում, քաղաքական դաշտում, հասարակության մեջ կա մի պահանջ՝ կոնսոլիդացվել վտանգի առջև, և կա երկրի ղեկավարի ձգտումը՝ ճիշտ հակառակ ուղղությամբ։ Սովորաբար այս հակադիր տենդենցները լուծվում են իշխանափոխությամբ, կամ երկիրը մեծ հարված է ստանում։ Այս պայմաններում կա՛մ Հայաստանը կգնա իշխանափոխության գործընթացի, կա՛մ Հայաստանը լուրջ վտանգների մեջ կհայտնվի ու հարված կստանա», – ասաց նա։

Բոզոյանի խոսքով՝ այդ հարվածը կարող է լինել բնական աղետի տեսքով, սոցիալական կամ անվտանգության ոլորտում, ինչից հետո հասարակությունը կհասկանա, որ պետք է փոփոխություն կատարվի։

Քաղաքագետը կարծում է՝ խելամիտ կլինի, որ այդպես լինի. «Ցանկացած բջիջ, օրգանիզմ, մարդ, պետություն ունի անվտանգության բնազդ»։

Անդրադառնալով նախկին դեսպանի գրառմանը՝ քաղաքագետն ասաց, թե կա այդպիսի պահանջ։

«Կա այդպիսի պահանջ, այդ պահանջը հնչել է, բայց իրական կդառնա, թե՝ ոչ, պայմանավորված է շատ հանգամանքներով. ինչքանով է պատրաստ հասարակությունը, ինչքանով են պատրաստ քաղաքական ուժերը, ինչքանով են գիտակցում իշխանության մեջ շրջանակները, այդ շրջանաները ինչքանով են հասունացած և իրենց զգում ինչպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։ Այս գործոնները դժվար է հաշվարկել այս պահի դրությամբ»։