Գլխավոր Նորություններ «Մահացած 20-ամյա երիտասարդը երկու քույր ունի, նրանցից մեկի ամուսինն էլ ՌԴ-ում է...

«Մահացած 20-ամյա երիտասարդը երկու քույր ունի, նրանցից մեկի ամուսինն էլ ՌԴ-ում է մահացել». Մարմաշենի համայնքապետ

3352

Երեկ կեսօրին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում ֆուտբոլ խաղալու ընթացքում 20-ամյա երիտասարդ է մահացել: Գյումիրի բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո պարզել են, որ մահն արդեն վրա է հասել:

Երիտասարդի մահվան դեպքի առթիվ ոստիկանությունը քննություն է իրականացնում:

168.amի հետ զրույցում Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Մարմաշենում նոր կառուցած ֆուտբոլի դաշտում, որի բացումը դեռ չեն էլ արել:

«Տղաներն այնտեղ ֆուտբոլ են խաղացել, երկու թիմերի միջև ինչ-որ վեճ է տեղի ունեցել, վեճի ընթացքում տեսել են, որ մեկն իրեն վատ է զգում ու ընկել է գետնին: Մոտեցել են, ուզել են օգնություն ցույց տալ, տեղափոխել են հիվանդանոց, բայց արդեն մահացած է եղել»,- նշեց Կ. Արշակյանը:

Հարցին՝ մահացած երտասարդին հարվածե՞լ են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ընդհանուր վեճ եղել է, բայց նախնական տված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ հարվածի տեղ չկա, մարմնական վնասվածքը բացակայում է:

«Թևի վրա է ինչ-որ շատ քիչ քերծվածք եղել, որը հաստատ մահվան չէր տանի:  Օրգանի աշխատողները երեկ ամբողջ օրն աշխատել են: Առայժմ նախաքննական այսքան տեղեկություն է տրված»,- հավելեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ մահացած երիտասարդը բանակից նոր էր վերադարձել՝ 6  ամիս առաջ, ուստի չի կարծում, որ որևէ առողջական խնդիր է ունեցել.

«Երևի ավելի ճիշտ կլինի սպասել, տեսնենք՝ ինչ է լինելու մահվան հանգամանքի ուսումնասիրության վերջնական արդյունքը»,- շեշտեց համայնքապետը:

Նա նաև ասաց, որ մահացած երիտասարդն ունի երկու քույր, երկուսն էլ ամուսնացած են, քույրերից մեկի ամուսինն էլ Ռուսաստանի Դաշնությունում է մահացել, հավանաբար նրա դին այսօր կտեղափոխեն Հայաստան: