Գլխավոր Նորություններ 11 տարեց էլ է վարակվել կորոնավիրուսով, բայց մասնավոր խնամքի կենտրոնում․ Aravot.am

11 տարեց էլ է վարակվել կորոնավիրուսով, բայց մասնավոր խնամքի կենտրոնում․ Aravot.am

125

«Ավագ սերունդ» ՍՊԸ-ին պատկանող տարեցների խնամքի կենտրոնից օրերս 11 տարեց տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Նրանց մոտ եւս հայտնաբերվել է կորոնավիրուս: Լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը: Նրա խոսքով, չնայած կարանտինի խիստ պայմաններին, որը խնամքի կենտրոնում հայտարարվել էր դեռևս արտակարգ դրությունից էլ առաջ՝ մարտի 1-ին, վիրուսը կարողացել է այստեղ էլ թափանցել:

Տարեցները վարակվել են կենտրոնի բուժքրոջից, որը համատեղության կարգով նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնում է աշխատել և հերթապահություն իրականացրել:

«Մեր մոտից գնալիս բուժքույրն իրեն լավ է զգացել, ջերմաչափվել է, որեւէ ախտանիշ չի ունեցել: Բայց երբ այնտեղի հերթապահությունից է դուրս եկել, իրեն վատ է զգացել ու մեզ այդ մասին տեղեկացրեց: Քանի որ ենթադրվում էր, որ մեր բուժքույրը կարող է կորոնավիրուսով վարակված լինի, բայց հիվանդությունը գտնվի գաղտնի շրջանում, որը որեւէ կերպ չէր արտահայտվել մինչ այդ պահը, հրավիրեցինք մասնագետներին, որպեսզի մեր կենտրոնի տարեցներին թեստավորեն: Պարզվեց, որ 11 տարեցի թեստը դրական է, նրանց մոտ առկա է կորոնավիրուս»,-ասել է Ալլա Հարությունյանը:

Խնամքի կենտրոնի այլ անձանց ևս թեստավորել էին և սպասում էին պատասխանի: Կազմակերպության փոխնախագահն ասաց, որ նրանց թեստերի պատասխանները նույնպես եկել են, բացասական են: Ալլա Հարությունյանի խոսքով, հոսպիտալացված 11 տարեցն էլ իրենց լավ են զգում, ծանր կամ ծայրահեղ դեպքեր չկան, այդուհանդերձ, շարունակում են մնալ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, քանի որ գտնվում են ռիսկային խմբում.

«Նրանց առողջական վիճակը լավ է եղել, որովհետեւ մենք լավ խնամք էինք տանում: Ամեն օր պրոֆիլակտիկայի համար վիտամիններ էինք տալիս, նրանք այդ օրերին մշտապես C վիտամին էին օգտագործում: Բժիշկներն ասում էին, որ լավ եք նայել, դրա համար ծանր դեպքեր չունենք»:

Կորոնավիրուսով վարակված տարեցների մի մասն, ըստ Aravot.am-ի զրուցակցի, տեղափոխվել է Նորք-Մարաշի վնասվածքաբանության հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար: Մյուս կեսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն: