Գլխավոր Նորություններ Տղամարդը Սյունիքում հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները

Տղամարդը Սյունիքում հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները

1094

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, 52-ամյա ՀՀ քաղաքացուն դատապարտել է 400 000 ՀՀ դրամ տուգանքի այն բանի համար, որ նա առանց իր նախկին մտերիմուհու համաձայնության հավաքել ու տարածել է վերջինիս անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները, մասնավորապես՝ մերկ լուսանկարները։

Ամբաստանյալն այդ կնոջ հետ ծանոթացել է 2016 թվականին եւ կարճ ժամանակ անց նրանց միջև ձևավորվել է ինտիմ կապ, իսկ հարաբերությունները կնոջ կողմից խզվելուց հետո, վերջինից վրեժխնդիր լինելու և կապը վերականգնելուն հարկադրելու նպատակով տղամարդն իր ֆեյսբուքյան էջով հրապարակել է այդ կնոջ մերկ լուսանկարները` դրանով իսկ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններն ազատ հասանելի դարձնելով համացանցի այլ օգտատերերի։ Նրան մեղադրանք է առաջարվել ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության տարածելը։

2017 թվականի հունվարի 31-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և հայտարարվել հետախուզում: 2017 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քրեական գործի վարույթը կասեցվել է: Սակայն 2019 թվականի փետրվարի 28-ին մեղադրյալը կամավոր ներկայացել է ՀՀ և մարտի 4-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Արագացված կարգով դատական քննություն իրականացնելով՝ դատարանը, հաշվի առնելով, որ կատարված հանցանքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ մեղմացնող հանգամանք է կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը, գտել է, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու՝ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակը` տուգանքը: Այդպիսով, նա դատապարտվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: