Գլխավոր Նորություններ «Մի´ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ»

«Մի´ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ»

10

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն, անդրադառնալով վարչապետի ֆեյսբուքյան էջում տարբեր մարդկանց հրապարակած լուսանկարներին, գրել է․ 

«Ցավալի է, որ մեր երկրում համավարակի դեմ պայքարի հիմնական մեթոդը դարձել է մարդկանց ծաղրելն ու պախարակելը: Ամեն ինչ արդեն դուրս է գալիս տրամաբանությունից և թույլատրելի սահմանից: Հասարակության վերաբերմունքն ու պահվածքը գալիս է իշխանությունների լուրջ և հաճախ անլուրջ մոտեցումից: Վերջին օրերին մարդիկ հիմնականում մտնում են վարչապետի անձնական էջ և զվարճանում այլ քաղաքացիների վրա: Սա անթույլատրելի է: Էլ չեմ խոսում «անեծքի» թիրախ տատիկների և պապիկների մասին:

Պրն. Փաշինյա´ն, անկեղծորեն խնդրում եմ, դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը: Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու: Մի´ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ: Կրկին անգամ հասարակությանը մի բաժանեք «սևերի» ու «սպիտակների»:

Հ. Գ. Երիտասարդ աղջկա դեմքը ես փակ կտեղադրեմ: Հարգելի ընկերներ, խնդրում եմ, դադարե´ք ծաղրի ենթարկել այս աղջկան, նրա մարմինն ու հագուկապը: Որևէ մեկը, անկախ սեռից, պաշտոնից, դիրքից և վարքուբարքից դրա իրավունքը չունի»: