Գլխավոր Նորություններ Ինչպես պարզել, որ դուք ասիմպտոմ վարակակիր եք եւ ինչ անել այդ դեպքում

Ինչպես պարզել, որ դուք ասիմպտոմ վարակակիր եք եւ ինչ անել այդ դեպքում

712

Armdaily.am-ը գրում է.

Օրեցօր Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի քանակը աննախադեպ աճ է գրանցում։ Վերջին օրերին մենք արդեն հատել ենք օրական 500 դեպքը, այսօր օրինակ գրանցվել է 697 դեպք։ Սրանք այն բոլոր դեպքերն են, որոնք թեստավորվել են եւ վարակը հաստատվել է։

Եթե կասկածում եք, որ վարակվել եք, ինչպես թեստ հանձնել

Հաստատված դեպքերը արձանագրվում, ներկայացվում են, սակայն դժվար է պատկերացնել, թե իրականում ինչքան վարակակիր կա, որոնք չգիտեն էլ, որ կորոնավիրուսակիր են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս եւս հայտարարել էր, որ այժմ Հայաստանում 20 հազար վարակակիր կա, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են և նրանց շրջապատն էլ չգիտի և մենք ամեն օր միգուցե տասնյակից ավել վարակակրի հետ ենք շփվում։ Այսպիսի դեպքերին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև Ան Արսեն Թորոսյանը, գրելով.«Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում դուք բարևում եք, ում հետ խոսում եք, ում կողքով անցնում եք վարակված է կորոնավիրուսով: Պատկերացրեցի՞ք: Որո՞նք են Ձեր գործողությունները»։

Այս օրերին մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, ովքեր ցանկանում են իմանալ՝ որտեղ, ինչպես կարող են թեստ հանձնել, որեւէ ախտանիշ չունեն, սակայն անհանգիստ են եւ մտահոգ՝ հանկարծ որեւէ մեկից վարակված չլինեն։ Նկատենք, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող քաղաքացիներին ԱՆ-ն թեստավորում է ցուցումներից ելնելով։

ArmDaily.am-ը փորձեց պարզել՝ ախտանշաններ չունենալու դեպքում ինչպե՞ս կարող է քաղաքացին կորոնավիրուսի թեստ հանձնել՝ սեփական ցանկությամբ, ոչ թե ԱՆ ցուցումներով, ինչին ի պատասխան ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում արվում են թեստերն անվճար և միայն այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը.«Ըստ ցանկության անում են մասնավոր լաբորատորիաները, որոնց հետ կապված մեկնաբանություն ես չեմ կարող տալ»։ Նշենք, որ մասնավոր լաբորատորիաներում թեստերի արժեքը կազմում է 20-ից 30 հազար դրամ՝ որտեղ արվում են ՊՇՌ և Հակամարմնային թեստեր։ Հավելենք նաև, որ Հայաստանում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի արտադրած պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ)թեստերն են արդեն օգտագործում։ 

Ինչով են տարբերվում այս թեստերը եւ ինչպես են արվում

Առկա է կորոնավիրուսի թեստավորման երկու տեսակ՝ վիրուսի առկայությունը ստուգող պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) կամ հակամարմինների առկայությունը ստուգող սերոլոգիական թեստեր։

Առաջինն օգտագործվում է պարզելու, թե անձը տվյալ պահին վարակվա՞ծ է, թե՞ ոչ, երկրորդը՝ թե արդյո՞ք վերջինս նախկինում վարակված է եղել և ապաքինվել։ Մարդու օրգանիզմում հակամարմիններ առաջանում են վարակումից 1-3 շաբաթվա ընթացքում, ուստի՝ այս թեստերը կարող են և ցույց չտալ, թե անձը տվյալ պահին վարակվա՞ծ է, թե՞ ոչ։

Վարակի առկայությունն ախտորոշող թեստերի տեսակից կախված՝ փոխվում է նաև դրանց ճշգրտության աստիճանը։ Սակայն ցանկացած հիվանդություն ախտորոշող թեստերը սխալվելու որոշակի հավանականություն ունեն։ Այսպես, 90 տոկոս զգայուն թեստերի պարագայում անգամ 10 տոկոս հավանականություն կա, որ մարդիկ կախտորոշվեն կեղծ դրական կամ կեղծ բացասական։ Առաջինն այն դեպքն է, երբ անձն իրականում վարակված չէ, սակայն թեստի արդյունքը եղել է դրական։ Երկրորդը՝ հակառակը․ մարդն իրականում վարակված է, բայց թեստի արդյունքը եղել է բացասական։

Վարակումը բացահայտող PCR (ՊՇՌ) թեստեր

Ըստ տարբեր աղբյուրների՝ ՊՇՌ թեստերը բնութագրվում են 70-90% զգայնությամբ և ավելի քան 95% առանձնահատկությամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներում այս թեստերը ներկայացվում են որպես ամենավստահելիները։

Այսինքն՝ չնայած նրան, որ այս ցուցանիշներն ամենաբարձրն են կորոնավիրուսը ախտորոշող թեստերի պարագայում, կեղծ արդյունք ստանալու հավանականություն ևս առկա է։ Սա կարող է կախված լինել նմուշառման և փորձի իրականացման ճշտությունից։

Կորոնավիրուսի այս ախտորոշումն իրականացվում է ՊՇՌ մեթոդի միջոցով: Վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը որոշվում է մարդու բկանցքի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ։

Հակամարմնային թեստեր

Հակամարմինների թեստը փնտրում է հակամարմինների առկայությունը մարմնում, որոնք հատուկ սպիտակուցներ են։ Հակամարմինները հայտնաբերվում են մարդկանց արյան մեջ։ Հակամարմնային թեստը նախատեսված է հակամարմինների հայտնաբերման եւ խաչաձեւ ռեակտիվ հակամարմինների նվազեցման համար,սակայն հնարավոր խաչաձեւ ռեակտիվությունը լիովին բացառել չի կարելի։Սերոլոգիական թեստը ունի ավելի քան 99% սպեցիֆիկություն եւ 96% զգայունություն, որը հիմնված է նախնական արդյունավետության գնահատականների վրա: Այն կարող է օգտագործվել հայտնաբերելու այն վարակված մարդկանց, ովքեր վարակվել  են առնվազն 1-3 շաբաթ առաջ։

Նշենք նաև, որ կորոնավիրուսային թեստեր անում են նաև մասնավոր լաբորատորինաները, սակայն օրեր առաջ ԱՆ-ն այս մասին հաղորդագրություն էր տարածել, ընգծելով, որ  վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:

Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:

Երեկ էլ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ՝ ՀՀ-ում արգելվեց  պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն։

Սակայն մի շարք մասնագետների պնդմամբ մասնավոր ընկերություններին արգելել թեստավորումներ անելը սխալ տակտիկա է։ ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցն՝ անդրադառնալով մասնավոր լաբորատորիաների կողմից կորոնավիրուսի թեստավորում իրականացնելն արգելելուն նշել էր, որ նման սահմանափակում մտցնելու դեպքում՝ հարցն այն է, թե արդյոք պետական լաբորատորիաները հնարավորություն ունե՞ն բավականաչափ թեստավորում իրականացնելու, ընդգծելով, որ ամբողջ աշխարհում հիմա ահռելի քանակությամբ թեստավորումներ են իրականացվում, ինչը ոչ պակաս կարևոր է, ինչպես կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

Ի դեպ, պետք է նշել նաև, որ քաղաքացիների մոտ մեծ անհանգստություն կա լաբորատորիան, հիվանդանոցներ գնալու առումով, քանի որ վստահ են՝ եթե անգամ վարակված էլ չլինեն, այնտեղ կվարակվեն։

 Ինչ է նշանակում ասիպմտոմ վարակակաիր, ինչու է անհրաժեշտ ասիմպտոմ դեպքերի հայտնաբերում եւ հաստատում

Ասիմպտոմ դեպքերի մասին ուսումնասիրությունները սկսել է կատարել կորոնավիրուսի «ծննդավայրը»՝ Չինաստանը։ Չինաստանի առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավար Մի Ֆենը ապրիլի 15 -ին Պեկինում կայացած ճեպազրույցում պատմել է, որ 6764 մարդուց, որոնց մոտ կորոնավիրուս են հայտնաբերել մինչեւ ախտանիշների դրսեւորման փուլը, միայն մի մասի՝ 1297 մարդու մոտ ախտանշաններ եղել, մի մասի մոտ սիմպտոմներ չեն եղել։ 

Ինչու են ասիմպտոմ դեպքերը կարևոր

Հիվանդության ասիմպտոմային ընթացքը վիրուսի առեղծվածային առանձնահատկությունն է, որը թույլ է տալիս համաճարակին տարածվել ավելի լայն եւ ավելի արագ։ Մինչ այժմ հետազոտողները կարծում էին, որ ախտանշանները զարգանում են, հիվանդության ընթացքում, սակայն այժմ պարզվում է, որ ախտանշանները կարող են չհայտնաբերվել վարակվածների 65-80 տոկոսի մոտ, ասում է ATEM Capital-ի գլխավոր գործընկեր եւ համահիմնադիր Անտոն Գոպկան.«Դա բացառապես բարդ է դարձնում համաճարակի հետեւումն ու կանխարգելումը», – ընդգծում է նա: Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ասել էր, որ ասիմպտոմատիկ դեպքերի բաժինը կազմում է 25-50 տոկոս: Իսկ ԱՀԿ-ն փետրվարին հայտարարել էր, հիմնվելով Չինաստանում համաճարակի զարգացման մասին տվյալների վրա, որ ասիմպտոմատիկ հիվանդությունների դեպքերը հազվադեպ են եւ զգալի ներդրում չեն կատարում վարակի տարածման գործում: Չինական գիտնականների հետազոտությունը կասկածի տակ է դնում այդ վարկածը ։ Սա ընդգծում է համաճարակի զսպման անհրաժեշտությունը։

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանիքը եւս ասիմպտոմ վարակակիր են, նրանց մոտ վիրուսն առկա է սակայն իրենք չունեն վիրուսի հստակ արտահայտված սիմպտոմներ՝ ջերմություն, հազ, համի և հոտի կորուստ, մկանային ցավեր և այլն։ Նկատենք նաեւ, որ դրական covid-19-ով վարչապետը շարունակում է վարել կառավարույան նիստերը հեռավար եւ մասնակցում պարետատան ճեպազրույցներին՝ պահպանելով սոցիալական հեռավորություն, կրելով դիմակ եւ ձեռնոց։ Սակայն, սա վատ օրինակ կարող է լինել քաղաքացիների համար, որոնց, ի տարբերություն վարչապետի չեն թեստավորել, բայց հնարավոր է՝ վարակակիր են ու շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ 

Չնայած «Իմ քայլ»-ի պատգամավոր Լուսինե Բադալյանը մի շարք հարցազրույցներում նշել է, որ ասիմպտոմ դեպքերը քիչ վարակիչ են, որովհետեւ օդակաթիլային ճանապարհով է վիրուսը փոխանցվում, իսկ եթե մարդը չի հազում, չի փռշտում, չկա բաց դեմք, չկա կոնտակտ՝ 1-2 մետր հեռավորության վրա։ Սակայն, վստահաբար հանրապետությունում առկա 11221 դեպքերի մի ծանրակշիռ մեծամասնության դեպքում վարակի աղբյուրը եղել են հենց ասիմպտոմ քաղաքացիները, ովքեր չեն թեստավորվել, կասկածներ չեն ունեցել են ու շարունակել են շփվել մարդկանց հետ։