Գլխավոր Նորություններ Հայտնի է ՊԵԿ ղեկավարի՝ Դավիթ Անանյանի հեռանալու պատճառը

Հայտնի է ՊԵԿ ղեկավարի՝ Դավիթ Անանյանի հեռանալու պատճառը

333

Aravot.am-ի տեղեկություններով, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաեւ համակարգի մի քանի պրոֆեսիոնալ կադրեր: Սակայն առայժմ այդ մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՊԵԿ լրատվական ծառայությունից նույնպես հայտնեցին, որ իրենք այլ աշխատակիցների՝ դիմում ներկայացնելու մասին պաշտոնական տեղեկատվություն չունեն: Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ի՞նչն է եղել Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը, ՊԵԿ լրատվականից հայտնեցին. «Վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որեւէ խնդիր չի եղել: Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի `կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»:

Aravot.am-ի աղբյուրի տրամադրած տեղեկության համաձայն, իրականում Դավիթ Անանյանի հրաժարականի հիմքում ընդամենը Արարատյան մաքսատան լուսանկարների պատմությունն է, որոնք օրերս տեղադրվեցին վարչապետի ֆեյսբուքյան էջում:

Վարչապետի կողմից պահանջ է եղել, որ նշյալ մաքսատան պատասխանատուները հեռացվեն, քանի որ լավ չեն հսկում մաքսատանը մարդկանց դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության ապահովման հարցը, սակայն Անանյանը դեմ է արտահայտվել եւ ինքն է նախընտրել հեռանալ։ Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն չէր պարզաբանել հեռանալու բուն պատճառը»: