Գլխավոր Նորություններ «Ամուսնացած տղամարդու եմ սիրում»

«Ամուսնացած տղամարդու եմ սիրում»

976

Կին-տղամարդ հարաբերությունների մասին հարցերում մի յուղալի հատված են կազմում աղջիկների բողոքները` կապված ամուսնացած տղամարդկանց հետ. «կապվել եմ հետը, չեմ կարողանում պոկվել», «խոստացել է բաժանվել, բայց չի պահում խոստումը, ի՞նչ անեմ», «սկզբից չգիտեի, որ ամուսնացած ա, հետո արդեն ուշ էր», «կարեւորն այն ա, որ ինձ ա սիրում» ու էլի բազում նման հեքիաթներ:

Իրավիճակը չեմ դիտարկելու ամուսնացած տղամարդու տիկնոջ տեսանկյունից: Ի դեպ, նա «մեղքի» իր կլորիկ բաժինն ունի այս պատմության մեջ: Չեմ ասելու՝ «օ, անբարո է տղամարդուն ընտանիքից  շեղելը, բաժանելը, գայթակղելը»: Ոչ: Եթե տղամարդն ունի ամուր ամորձիներ, իսկ նրա կինն էլ՝ բավարար իմաստնություն, ու կա  հիմնարար սեր, ապա այդ միությունը քանդելը բավական բարդ կլինի, նույնիսկ եթե սիրուհին անզուգական արտաքինի, սեքսի կամ երիտասարդության է տիրապետում: Թեման քննարկելու եմ սիրուհու տեսանկյունից՝ հենց նրա շահերից…ըմմմ, ավելի ճիշտ, վնասներից ելնելով: Որովհետեւ բարդ է ազատ կնոջ համար ավելի վնասատու բան պատկերացնել, քան զբաղված տղամարդը:

Եվ այսպես, աշխարհի կամ թեկուզ Երեւանի բոլոր ազատ տղամարդիկ սպառվել են, վերջացել են, չկան, եւ դուք որոշել եք ամուսնացած տղամարդու հետ կապել ձեր հույզերը, մարմինը, ժամանակը, մտքերը, էներգիան եւ, աստված չանի, հաշվարկներն ու հեռահար պլանները: Շնորհավորում եմ, դուք ընտրել եք անձնական կյանքը կառուցելու ամենաերկար ճանապարհը: 

Ձեզ թվում է՝ նա սիրահարվել է ձեզ, տարվել ձեզնով, դուք նոր, թարմ, բացառիկ շունչ եք նրա դժբախտ կյանքում, մի զեփյուռիկ չքնաղ, վերջապես նա գտել է ձեզ, իսկ իրականում ամուսնացած տղամարդու համար ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ ու պարզունակ է: Դիտարկենք տարբերակները:

1.Եթե տղամարդն ընդհանուր առմամբ գոհ է իր ընտանեկան կյանքից, բայց մի թեթեւ ձանձրանում է (ինչը, ի դեպ, գրեթե անխուսափելի է), ապա ձեզնից նրան պետք է սեքս, միայն սեքս եւ ուրիշ ոչինչ: Իհարկե, դա կարվի ամենավերջում, երբ սպագետտին արդեն ճոճվում է ձեր ականջներից: Եթե նույնիսկ չարվի կարճ ժամանակում, դա չի նշանակում, որ սեր է  բուսնել, դա նշանակում է՝ դուք եք շատ ցանկալի: Եթե ժամանակ ունեք ամուսնացածի հետ սեքսի վրա ծախսելու համար, ապա որոշումը ձերն է: Բայց որակյալ սեքս ազատ տղամարդու հետ էլ կճարվի, իսկ այ ամուսնացածի կինը ձեզ համար լուրջ գլխացավանք կդառնա բացահայտելու դեպքում: Ինչներիդ է պետք, եթե միեւնույնն է` նա չի ամուսնալուծվելու հատուկ ձեզ համար: Տղամարդու համար ամուսնական կյանքը լուրջ աշխատանք է, նա հազիվ հարմարվում է մի կնոջ բնույթին, քմահաճություններին, բարդույթներին, հերոսաբար լավ ամուսին դառնում, նրա  ինչին է  պետք այդ ամենը թողնել ու նույն տքնաջան աշխատանքը ձեզ հետ անցկացնել, եթե ինչպես արդեն նշեցինք, ընդհանուր առմամբ գոհ է ներկա վիճակից:

2.Եթե տղամարդն այնքան էլ բավարարված չէ ընտանեկան կյանքից, չկա դրայվ, կա խոր ձանձրույթ, չի արժանանում գովասանքի ու գնահատանքի սեփական կնոջ կողմից, ապա ձեզնից նրան պետք է սեքս, միայն սեքս եւ ուրիշ ոչինչ (սա անփոփոխ արժեք է)՝ գումարած պստլիկ մի քանի լրացում՝ ինքնագնահատական շոյել, ֆլիրտ, գովեստ, փաղաքշանք, սիրո իլյուզիա: Բա՜յց… ամուսնալուծվելն ու ձեզ հետ լինելը, միեւնույն է, սարերի հետեւում են: Հիշենք` տղամարդը ծայրահեղ  ալարկոտ արարած է, նա հավես չունի ստեղծածը միայն սեքսի, ֆլիրտի ու իլյուզիայի համար գրողի ծոցն ուղարկել եւ նոր բան կառուցել:

3.Եթե տղամարդը խորապես  դժգոհ է ընտանեկան վիճակից, հնարավոր է , որ ամուսնալուծվի՝ օգտագործելով իր կյանքում ձեր հայտնվելու առիթը, բայց թե երբ կմիանա ձեզ հետ, երբ կմտնի մի տհաճ փորձից մեկ այլ անկանխատեսելի դաշտ, կմտնի առհասարակ, թե ոչ, լուրջ ու ժամանակատար հարց է: Էլ չասեմ, թե քանի անգամ է փոքրանում հավանականությունը, եթե  նա կամ դուք երեխա  ունեք: Վախենալու է նույնիսկ պատկերացնելը:

Ամուսնացած  տղամարդը փակուղու առաջ է կանգնեցնում 3 դեպքում էլ, բացառություններ գրեթե չեն լինում: Ավելի ճիշտ լինում են, բայց շատ հազվադեպ: Ըստ այդմ, եկեք 4-րդ  կետ ավելացնենք:

4. Սա այն դեպքն է, երբ կապ չունի՝ տղամարդը գոհ է, թե դժգոհ իր ընտանեկան կյանքից, նա սիրահարվում է ձեզ, տարվում է, ցանկանում է, որոշում ու անում է: Ի՞նչ է  անում. ամուսնալուծվում է օպերատիվ կերպով, արտակարգ սեղմ ժամկետում եւ միանում ձեզ: ՎԵՐՋ: Առանց տվայտանքների, առանց ուլտիմատումների ու պայմանների, անխոս ու ինքնակամ: Նույնիսկ 3 երեխա ունենալու դեպքում, որքան էլ, որ ցավալի է: Սա այն դեպքն է, երբ չեք ունենա սկզբում նշված հարցերից եւ ոչ մեկը: Դրանք պարզապես չեն հասցնի առաջանալ: 

Եվ այնուամենայնիվ, մինչեւ ամուսնացած տղամարդու հետ կապվելն ընկալեք, թե որքան անհավանական է վերջին դեպքը, ու որքան հավանական սկզբի երեքը: Ու որոշեք՝ արժանի եք արդյոք ծախսել ձեր գեղեցկության ու ինքնագնահատականի թանկագին գրամներն այդ հարաբերության վրա: Վերջում պնդեմ, որ ամուսնացած տղամարդը բոլոր տիպերից ամենաանհարմար, ամենաանկանխատեսելի, տեղից չշարժվողն ու անարդյունավետն է սեր ստեղծելու համար: Ի սրտե մաղթում եմ արագ ազատվել առկա ամուսնացած տղամարդուց, եթե, իհարկե, դուք նրա կինը չեք:  

Աուրա Ֆ.
BRAVO.am