Գլխավոր Նորություններ Մասիվցի Անդիկի սպանությունը բացահայտվել է

Մասիվցի Անդիկի սպանությունը բացահայտվել է

678

Նոր-Նորքի 5-րդ զանգվածում քրեական հեղինակության սպանությունը բացահայտվել է, օժանդակողի մասով գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին այսօր՝ հունիսի 8–ին, տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազություն լրատվական ծառայությունից։

2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին ծնված Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանության դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է Ռուսաստանի Դաշնության Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված, 13.11.1987թ.-ին ծնված Ս. Մ.-ն, ով 25.06.2019թ.-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ժամանել է ՀՀ, իսկ 03.07.2019թ.-ին` մեկնել ՀՀ-ից:

Քննությամբ պարզվել է, որ Ս. Մ.-ին ՀՀ-ում Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակել է Երևան քաղաքում բնակվող Ա. Ղ.-ն:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցության հիման վրա 2019թ․օգոստոսի 21-ին որոշում է կայացվել Ս. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը և հայտարարվել է հետախուզում:

Քրեական վարույթն իրականացնող մարմնի 2019թ. օգոստոսի 23-ի որոշմամբ Ա. Ղ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ա. Ղ.-ի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2020թ. հունիսի 2-ին քրեական գործից մեղադրյալ Ա. Ղ.-ի մասով գործն անջատվել է և այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և 2020թ. հունիսի 8-ին քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: