Գլխավոր Նորություններ ՖՈՏՈ. «6 օր պառկել է մերս, 6 օրվա մեջ 6 անգամ բժիշկ...

ՖՈՏՈ. «6 օր պառկել է մերս, 6 օրվա մեջ 6 անգամ բժիշկ չի մտել մոտը, խեղդամահ են արել»

2200

Հունիսի 12-ին Մաթանյանների ընտանիքը Կառավարության առջև էր: Մայրը օրեր առաջ էր մահացել: Հունիսի 1-ին կորոնավիրուսի կասկածանքով կնոջը տարել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հունիսի 6-ին կինը մահացել էր: Ընտանիքի անդամները վստահ են՝ պատճառն անուշադրությունն է եղել, կորոնավիրուսի վարկածին էլ չեն հավատում:

«Մենք այստեղ ենք մարդասպանության գործով: Հիվանդանոցում, ավելի ճիշտ՝ սպանդանոցում, մորս են սպանել, խեղդամահ են արել, տանջամահ են արել: Իմ մայրիկը բրոնխների հիվանդություն ուներ, առաջին անգամ շտապ օգնությունը եկավ, ասեց՝ նորմալ է, նշանակումներ արեցին, դեղ սրսկեցին, ասեցին՝ նորմալ ա, երկրորդ անգամ առանց որևէ բան ասելու, չգիտեմ՝ ո՞ւմ զանգեցին, ի՞նչ ասեցին, բերեցին էս սպանդանոցը՝ «Նորք» ինֆեկցիոն: 6 օր պառկել է մերս, 6 օրվա մեջ 6 անգամ բժիշկ չի մտել մոտը»,- ասաց մահացածի որդին՝ Արամ Մաթանյանը: Մահացածի ամուսինը՝ Գագիկ Մաթանյանը, պնդում է, որ բժիշկները հիվանդին անուշադրության են մատնել, նրա խոսքով՝ անգամ մարդ չի եղել, որ իր կնոջը հիվանդասենյակ տանի:

«Շատ վատ են վերաբերվել, բժիշկ չի եղել, ես եմ գնացել իր սենյակում սիստեման անջատել: Պալատ տանելուց էլ մարդ չի եղել, ես եմ օգնել, տարել են կնոջս պալատում պառկացրել են, երկու հոգու էլ եմ օգնել»,- ասաց Գագիկ Մաթանյանը: Ընտանիքի անդամները պնդում են, որ անճշտություն կա՝ անգամ մահվան ժամի հետ կապված: «Դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է, որ 12-ին է մահացել, մեզ ասում են՝ 7:30 է մահացել: Կես ժամ առաջ հետը խոսել եմ, կես ժամ հետո մահացել է: 11:30 եմ հետը խոսել, ասել է՝ լավ եմ, սենց որ գնա՝ երկու օրից տուն կգամ, երկու օր հետո մահացած եկավ»,- ասաց մահացածի որդին՝ Արտակ Մաթանյանը:

Ընտանիքը կորոնավիրուսի դեմ չի ստուգվել, ասում են՝ իրենց անգամ թույլ են տվել մոր սենյակ մտնել: Սա նրանց ստիպել է չհավատալ, որ մայրը կորոնավիրուսով վարակված է եղել: «Եթե կորոնավիրուս լիներ, ապա տանը 5 հոգի ենք, մեկն ու մեկս կվարակվեինք, բայց ոչ մեկիս անգամ թեստ չեն արել, չեն ստուգել: Գնացել ենք անատոմիկ, իրավունք են տվել, մտել ենք մեր մոր մոտ, եթե կորոնավիրուս լիներ, կթողնեի՞ն բերեինք մեր տնից մեր մորը հուղարկավորեինք, չէին թողնի, դիահերձում չեն արել»,- ասացին մահացածի տղաները:

Ընտանիքի անդամները Ոստիկանություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն այն բժիշկները, ում պատճառով եղել է դեպքը: