Գլխավոր Շոուբիզնես «Ոսկե ծիրան» կինոփառատոնը` նոր կազմով ու նոր տարբերանշանով

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը` նոր կազմով ու նոր տարբերանշանով

138

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնն այս տարի կինոսերներին կներկայանա նորովի: Սերնդափոխությունն իր հետ բերել է մի շարք փոփոխություններ: Այս մասին հայտարարեցին փառատոնի կազմակերպչական թիմի նոր անդամները՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ոսկե ծիրանն» այս տարի կներկայանա նոր տարբերանշանով, որի հեղինակը  դիզայներ Վիլիամ Կարապետյանն է: «Նոր տարբերանշանը խորհրդանշում է «Ծ» տառը: Ցանկացել ենք ստանալ մինիմալիստական լուծումներով մի բան:  Չնայած ծիրանը պատկերվում է օվալաձև, նույնացնելով տեսախցիկի օբյեկտիվի հետ, մենք տվեցինք իդեալական կլորի ձև»,- ասաց դիզայները:

«Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ անակնկալներն այս տարի շատ են, սակայն դրանք դեռ չեն բացահայտի. «Այս պահին դիտորդական խումբը դիտարկում է ֆիլմերի ավելի քան 740 հայտ: Բացի փառատոնի տարբերանշանը, հիմնական փոփոխություններից է անվանակարգերում լիամետրաժ վավերագրական ու խաղարկային ֆիլմերի ավելացումը: Դրանք չտարանջատելով՝ ցանկացանք ընդգծել, որ «Վավերագրականը» երկրորդական անվանակարգ չէ: Բացի այդ, ըստ իս, այսօր ջնջվում են ժանրային սահմանները»:

Շարունակելով խոսել նորությունների մասին՝ Gaiff-pro ծրագրի ղեկավար Սոնա Կարապողոսյանը նշեց կրթական մի քանի ծրագրերի մասին, որոնք լայն հնարավորություններ կտան սկսնակ կինոգործիչներին: Gaiff-pro ծրագրի շրջանակում կլինեն ոչ միայն կինոդիտումներ, այլև դասընթացներ մոնտաժի լեհ մասնագետների մասնակցությամբ: